Իրանում առանձնապես ոչինչ չի կատարվում. երկրում ռեժիմի փոփոխություն չի լինի. Իրանի ԱԳ նախարարը՝ 2-րդ շաբաթը շարունակվող ցույցերի մասին


10:49 , 28 սեպտեմբեր, 2022

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, երկրորդ շաբաթը շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին, հայտարարել է, որ Իրանում առանձնապես ոչինչ չի կատարվում՝ հավելելով, որ Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի։

Ինչպես գրել է IRNA գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ բողոքի ակցիաներից շատերը արտասահմանյան լրատվամիջոցների և արտաքին քարոզչության  արդյունք են։

«Ես նրանց վստահեցնում եմ, որ Իրանում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում»,- ասել է նա արևմտյան գործընկերներին ուղղված ուղերձում:

«Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի. մի՛ խաղացեք Իրանի ժողովրդի զգացմունքների վրա»,- հավելել է նա։

Իրանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Մահսա Ամինիի մահը «լրջորեն հետաքննվում է»՝ նշելով, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, որը դեպքի ամբողջական հետաքննություն խոստացած բարձրաստիճան պաշտոնյաներից է, զանգահարել է Ամինիի ընտանիքին։

«Իրանցիները զգացմունքային մարդիկ են և մաքուր զգացմունքներ ունեն, և դեպքից հետո առաջին ժամերին նրանք խաղաղ բողոքի ցույց էին անում, և այժմ բոլորը սպասում են դատական համակարգի հետաքննության ավարտին»,- շարունակել է նախարարը։

«Բայց միևնույն ժամանակ կային որոշ արտաքին տարրեր, ինչպիսիք են արբանյակային ալիքները, որոշ կայքեր, որոնք խրախուսում էին Իրանում մարդկանց դուրս գալ փողոց և բռնության դիմելը, և այդ պատճառով ցույցերը վերածվեցին բռնության և անկարգությունների:

Եթե ԱՄՆ-ն իսկապես մտածում է Իրանի ժողովրդի մասին, նրանք կարող են ուշադրություն դարձնել այն փաստին, որ հազարավոր իրանցի երեխաներ են մահացել իրենց կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով… »,- հավելել է նախարարը։

Իրանում ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:

Սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները: