Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Ռուսաստանը պետք է բացառվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։
«Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը սկսում է չհրահրված և չարդարացված պատերազմ՝ պատերազմ, որը դատապարտում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրա անդամակցության կասեցումը պետք է ինքնաբերաբար լինի»,- ասել է Շառլ Միշելը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:
«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը: