Նիկոլը խաղեր է տալիս ՆԱՏՕ-ի հետ


17:11 , 23 սեպտեմբեր, 2022

Նիկոլը խաղեր է տալիս ՆԱՏՕ-ի հետ

ՀԱՊԿ-ի պլանային զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը փոզմիշ արած Նիկոլը Ամերիկայում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին՝ ներկայացնելով այն ծայրահեղ վտանգավոր վիճակը, որ ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին ազերիների վերջին լայնամասշտաբ գրոհի հետևանքով: Ինչպես նշված է համապատասխան հաղորդագրության մեջ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ՝ միաժամանակ ընդգծելով խնդիրները բանակցային եղանակով լուծելու սուր անհրաժեշտությունը:

Նիկոլը, ըստ էության, փորձում է հասկանալ, թե ինչ կարող է ակնկալել Արևմուտքից այն դեպքում, եթե Հայաստանը որոշի դուրս գալ կամ առնվազը սառեցնի իր անդամակցությունը՝ ՀԱՊԿ-ին: Գլխավոր հարցը հետևյալն է՝ ունի՞, արդյոք, Արևմուտքի գործուն լծակներ կամ առհասարակ իրական ցանկություն՝ զսպելու Թուրքիայի տարածաշրջանային առաջխաղացումը, որը ձեռնոց է՝ նետված առաջին հերթին Ռուսաստանին այն դեպքում, երբ երկրորդ պատերազմական ճակատ բացելու հարցը Արևմուտքում նկատվում է որպես կենսական անհրաժեշտություն:

Օրինակ՝ նույն Ամերկիկայից այս օրերին հնչող հիմնական կոչերը, որոնք իբր ունեն Ադրբեջանին զսպող նշանակություն, ակնհայտորեն ոչ մի արդյունք չեն տալիս, ինչի վկան Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարւոթյուններն են: Առավելագույնը, որ ամերկացի պաշտոնյաները հորդորում են սեփական կառավարությանը, Ադրբեջանին ռազմական կամ անվտանգային օժանդակությունից զրկելն է, այնինչ որևիցե տնտեսական պատժամիջոցի մասին ոչ մի խոսք չի հնչում: Բանն այն է, որ եթե նույնիսկ ԱՄՆ պաշտոնապես դադարեցնի Ադրբեջանին ռազմական կամ անվտանգային օգնություն ցուցաբերել, ապա դրանից խոշոր հաշվով Ադրբեջանի ԶՈւ-ի մարտունակությունը չի տուժելու, քանի որ Ալիևը բնավ այդ օգնության շնորհիվ չէ, որ հզորացնում է իր բանակը կամ համարձակորեն ստորացնում Նիկոլին: Այնինչ, օրինակ, տնտեսական պատժամիջոցները կարող էին Իլհամին ստիպել երկու անգամ մտածել ու նոր հետո հոխորտալ անվերջ: Փաստ է՝ ոչինչ չի արվում՝ բացի Հայաստանին ցավակցություններ հղելուց ու այս իրավիճակում սեփական դեմքը փրկելու փորձերից ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ էր՝ Ցեղասպանության տարիներին, երբ եվրոպական երկրներն ու նույնիսկ Ռուսաստանը առանձին-առանձին կամ միասնաբար Թուրքիային դատապարտող հայտարարություներ էին ընդունում, բայց այդ ամենը ոչ մի պրակտիկ արդյունք չէր տալիս: Իսկ երբ փոխվեցին այդ երկրների առաջնահերթությունները, առհասարակ Ցեղասպանության թեման լռության մատնվեց: Հիմա նույն բանն է կրկնվում. 44-օրյա պատերազմին էլ էին հնչում խաղաղության կոչեր, բայց դրանք չօգնեցին կագնեցնել ադրբեջանական ցեղասպան մեքենան:

Մյուս կողմից՝ ինքնին այն, որ ՌԴ պաշտոնական դաշնակիցը օգնություն է ակնկալում ՆԱՏՕ-ից՝ ուղղված ՆԱՏՕ անդամ երկրի՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի դեմ, նոնսենս կարելի է համարել: ՆԱՏՕ-ն ինչո՞ւ պետք է «կրակի սեփական ոտքին», եթե տարածաշրջանում ստեղծված անկայունության հիմնական հրահրողը մեծ հաշվով նույն Արևմուտքն է:

Հայաստանը, փորձելով միանգամից «նստել երկու աթոռի վրա», կանգնել է երկուսից էլ զրկվելու իրական վտանգի առաջ՝ մնալով բացարձակ միայնակ՝ մի բան, որը թուրքերի երազանքն է եղել ի սկզբանե: