Հայկ Մարությանի վերաբերյալ նյութերն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում են. «168 ժամ»


19:31 , 9 սեպտեմբեր, 2022

168.am- ը գրում է.

Երեկ՝ օգոստոսի 8–ին, ժամը 14:17-ին, shamshyan.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։

Ըստ կայքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն:

Արդեն երեկոյան՝ 18:24-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան armtimes.com կայքը գրեց, որ Ոստիկանությունում, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում Հայկ Մարությանին առնչվող դեպքով նյութեր չեն նախապատրաստվում: Այդ մասին կայքին տեղեկացրել էին նշված կառույցներից:

Քիչ առաջ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրեցին, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ նյութերն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում են:

«Քիչ առաջ ենք ստացել»,- ասացին Կոմիտեից: