Բագրատաշենի մաքսակետի պաշտոնյաների խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի. կան վիրավորներ


22:37 , 7 սեպտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 02։00-ի սահմանում, Պետական եկամուտների կոմիտեի ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի տեղակալ Սարմեն Հարությունյանի եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Ժորա Վարդանյանի միջեւ աշխատանքային բնույթի հարցերի շուրջ Բագրատաշենի մաքսային կետ-բաժանմունքի պետի (հերթափոխի) աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ժորա Վարդանյանը հարվածել է Սարմեն Հարությունյանին։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։

Կայքի փոխանցմամբ, Ս․ Հարությունյանը նշված միջադեպի մասին հայտնել է Յուրիկ Հարությունյանին, եւ հետագա պարզաբանումների նպատակով զանգահարել եւ Պտղավան-Բագրատաշեն ավտոճանապարհին գտնվող ավտոգազալցակայան է կանչվել Ժ․ Վարդանյանը։ Ժամը 03։00-ի սահմանում, նշված գազալցակայան են ժամանել Ժ․ Վարդանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Օրբելի Թարմինյանը, Արամ Հայրապետյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ շնագիտական կետ-բաժնի տեսուչ Սմբատ Հովսեփյանը։ Խոսակցութանը ներկա են գտնվել Տիգրան Հարությունյանը, Կարեն Մելիքյանը, Էդիկ Էվինյանը եւ Սիրեկան Ավետյանը։

Խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի, որի հետեւանքով Ա․ Հայրապետյանը, Օ․ Թարմինյանը, Կ․ Մելիքյանը եւ Է․ Էվինյանը ստացել են մարմնական վնասվածքներ։ Որոշ ժամանակ անց Է․ Էվինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ 

Նշենք, որ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում դեպքի առնչությամբ նյութեր են ստացվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից։

Քննչական կոմիտեն առայժմ տեղեկություն չի տրամադրում տեղի ունեցածի առնչությամբ։