Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը


14:44 , 19 օգոստոս, 2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան քննարկումներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:

«Նախարարությունում այս պահին կան քննարկումներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ։ Միջոցառման շահառուների հստակ շրջանակի, աջակցության ձևաչափի և այլնի մասին կտեղեկացնենք լրացուցիչ, երբ ունենանք առավել հստակ պատկեր»,- ասել է Մանուչարյանը։

Հարցին, թե արդյոք կլինի նաև աջակցություն՝ պայթյունից տուժած տնտեսվարողներին, Զառա Մանուչարյանը տեղեկացրել է, որ այդ հարցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է։-0-