Խանումյան Հայկի սուտը բռնվեց


18:20 , 18 օգոստոս, 2022
Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, և Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել: «Նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ»,-ասել է ռուս դիվանագետը՝ այդպիսով կամա-ակամա բացահայտելով բերձորցիներին ու մյուս հայաբնակ բնակավայրերի բնակիչներին սեփական տունը լքելու հորդորներով հանդես եկած Խանումյան Հայկի (Նիկոլի ուղիղ վերահսկողության տակ է) սուտն այն մասին, թե իբր այդ կողմերում ռուսական զորախումբ օգոստոսի 25-ից է՛լ չի լինելու: Արցախը (որի մի մասն էլ, ըստ էության, Բերձորը, Աղավնոն ու Սուսն են) ռուսների պատասխանատվության տակ է, իսկ ռուսները օգոստոսի 25-ից դուրս են գալիս Լաչինից, և որպեսզի «անողնաշար» ու «անխիղճ» ռուսների անտարբերության հետևանքով մարդիկ թուրքի ճարակ չդառնան, պետք է լքեն իրենց տները՝ դրանք տալով թուրքերին:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ ռուսը հայից ավելի հայ է դառնում, հայը՝ թուրքից ավելի թուրք: Ստացվում է՝ հայկխանումյանները թուրքի հրամաններն են կատարում, մինչդեռ իրենց այդ վարքագծի պատասխանատու են կարգում ռուսին այն դեպքում, երբ կա ռեալ հնարավորություն՝ առնվազն առայժմ չդատարկելու Բերձորը, Աղավնոն ու Սուսը:

Փաստացի հենց սա է բխում ռուս դիվանագետի խոսքերի ու Խանումյան Հայկի արարքների անհամապատասխանությունից: Եթե կա այլ բացատրություն, թո՛ղ ասեն: