Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների


18:16 , 18 օգոստոս, 2022

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 18-ին կատարվել է հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Մինչ արարողությունը, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։

Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։