Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները


18:26 , 16 օգոստոս, 2022

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև  Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում: 

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և  քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ: