Նիկոլը կթաքցնի՞ իրականությունը


17:31 , 16 օգոստոս, 2022
Երբ ավարտվի քաոսն ու ողբը, որ հետևանք դարձան «Սուրմալուի» ողբերգության, հանրության առաջ ծառանալու է կատարվածի իսկությունը պարզելուն, մեղավորների լինելիության դեպքում դրանց հայտնաբերելուն, բացառապես պատահականության պատճառի դեպքում կանխարգելիչ քայլերի համար պատասխանատու օղակներին պատասխանատվության ենթարկելուն ու էլի բազմթիվ խնդիրներին առնչվող հարցեր:

Նման իրավիճակում գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք հասարակությանը բախտ վիճարկվելո՞ւ է՝ մինչև վերջ իմանալու ճշմարտությունը, թե՞ կրկին ու կրկին նույն այդ հանրությունը դառնալու է տեղեկատվական մանիպուլյացիայի ու խաբեության զոհ:

Բանն այն է, որ ճշմարտության լիարժեք բացահայտումը, որին այժմ լծված են պատկան մարմինները, քաղաքականապես կարող է և այնքան էլ ձեռնտու չլինել Նիկոլին: Օրինակ՝ դժվար չէ կռահել, թե ինչ ռեակցիա կառաջացնի հասարակության շրջանում լուրը, որ կատարվածն իրականում ոչ թե ասենք անոմալ շոգերի, այլ ահաբեկչության հետևաք է: Անմիջապես սլաքներն ուղղվելու են իշխանությունների կողմը, ու մարդիկ հարց են բարձացնելու՝ ինչպե՞ս եղավ, որ ժամանակին աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում դասվող Հայաստանը կարճ ժամանակում դարձավ ահաբեկիչների ճարակ: Մյուս կողմից՝ հարց է առաջանալու՝ կապված այդ ահաբեկիչների ծագման վերաբերյալ. հո թուրքեր չե՞ն այն էլ մի դեպքում, երբ ողջ պետական քարոզչությունն այժմ թուրքերին սիրելու ուղղությամբ է ուղղորդվում:

Իսկ եթե պարզվի, որ հետևանքները կարող էին այդքան աղետալի չլինեին, եթե նույն պատկան մարմինների աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպվեր, կամ ասենք «ջրի երես դուրս գա» այն, որ բարձիթողի վիճակն է պատճառը, որ հանգեցրել է սրան՝ չնայած համապատասխան պետական օղակներին վաղուց էր պարզ՝ ինչպիսի ռիսկեր կան «Սուրմալուում» թաքնված:

Նկատի ունենալով այն ճշմարտութունը, որ Նիկոլին ընդամենն իր իշխանավարման ժամկետի ձգձգումն է հետաքրքրում՝ բնավ բացառված չէ, որ հանրությունն այդպես էլ երբեք չիմանա՝ ինչի հետևանք էր ողբերգությունը, տեռո՞ր էր, ներքին դիվե՞րսիա, թե ասենք փնթիութան հետևանք՝ նկատի ունենալով Հայաստանի պետական ապարատին պատուհասած անբուժելի թվացող ախտը, երբ պատասխանատու պաշտոնների են նշանակվում այնպիսիք, որոնք մղոններով հեռու են տվյալ ոլորտից ու նախկինում զբաղվել են ասենք խմորեղենի առաքմամբ:

Սուրմալուում կատարվածի հարցն այլևս քաղաքական է նաև, որ սպառնում է հարված հասցնել Նիկոլի՝ առանց այն էլ ցամաքած հեղինակությանը: