Հայ հանրությանն ու պետությանն ինչ-որ մեկը միտումնավոր կերպով ենթարկում է տեղեկատվական ահաբեկչության. իսկ ովքե՞ր են ահաբեկիչները


20:44 , 16 օգոստոս, 2022
Հայաստանում մոլեգնող ողբերգության ու քաոսի ֆոնին շարունակում են ստացվել անհայտ աղբյուրներից կեղծ ահազանգեր՝ այստեղ-այնտեղ տեղադրված ռումբերի, կարևորագույն օբյեկտներում առկա ահաբեկչության վտանգի մասին: Այս երևույթը նոր չէ, և բոլորվին վերջերս է կարծես մտել մեր իրականություն՝ ոչ միայն է՛լ ավելի բարդացնելով առանց այն էլ քաոսային իրավիճակը, այլև համապատասխան գերատեսչություններից խլելով ուշադրություն ու ռեսուրսներ, որոնք հենց հիմա այնքան հարկավոր են աղետի վայրոմ: Բանուգործ թողած՝ ուժայիններն ընկած են չեղած ռումբեր հայտնաբերելով ու դրանք «վնասազերծելով»:

Այնինչ ռումբն իրականում տեղեկատվական է. հայ հանրությանն ու պետությանն ինչ-որ մեկը միտումնավոր կերպով ենթարկում է տեղեկատվական ահաբեկչության, իսկ պետական համապատասխան օղակների ընդունակություններն այնքան սահմանափակ են, որ ամեն մի անհայտ տխմարի զանգից կամ նամակից բոլորը մի մարդու պես վեր են թռչում, պարալիզացվում է ռազմավարական օբյեկտների աշխատանքը և այն:

Ուժայինների ու նաև ոչ ուժայինների առաջին քայլերից մեկը հիմա պետք է լինի պարզելը՝ ում տեղեկատվական թիրախի տակ է հայտնվել Հայաստանը: Ակնհայտ է, որ պարզ խուլիգանության հետ չէ, որ գործ ունենք, այլ, ամենայն հավանականությամբ, արտաքին ոչ բարեկամ ուժերի, որոնց պետք է կարողանալ արդյունավետորեն հակազդել:

Չլինի՞ «կիրթ մարդն» է այսպես լիցքաթափվում…