Ադրբեջանը նոր ու է՛լ ավելի ստոր խաղ է սկսում


14:45 , 10 օգոստոս, 2022
Ադբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջևանի հետ մտադիր է կապվել՝ առանց Հայաստանի տարածքն օգտագործելու. կապը հաստատվելու է Իրանի տարածքով:

Բայրամովի հայտարարությունը հնչում է Ալիև-Էրդողան կայացած հանդիպման, Պուտին-Էրդողան բանակցությունների ֆոնին, ինչը հավելյալ կշիռ է տալիս «Զանգեզուրի միջանցքի» մասին երազող ադրբեջանցու խոսքերին: Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են հրաժարվե՞լ միջանցքի գաղափարից՝ պրոյեկտ, որի առաջխաղացման ուղղությամբ թուրքերը կարծես ջանք չեն խնայում, թե՞ սա մի ստոր խաղ է, որ պայմանավորված է բացառապես ներկա պահին տարածաշրջանում ստեղծված իրավիճակով. Իրանը կտրուկ դեմ է, Մոսկվան էլ, որ դեռևս հանդես չի եկել կտրուկ հայտարարություններով, այնքան էլ ոգևորված չէ միջանցքի գաղափարով՝ նկատի ունենալով այն, որ դրա՝ Մոսկվայի կողմից վերահսկման հարցը կարծես մնացել է բաց: Հատկանշական է, որ իրավիճակի վերաբերյալ հնչել էր նաև Չինաստանի ձայնն այն մասին, որ Պեկինը չի ցանկանում Կովկասում մի նոր լայնամասշտաբ լարվածություն կամ պատերազմ:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե եթե թուրք-ադրբեջանական տանդեմը որոշել է առնվազը միառժամանակ չշոշափել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ապա ինչի՞ դիմաց է գնացել դրան: Շատ հավանական է, որ Արցախի հարցում ադրբեջանցիներին հաջողվել է հասնել իրենց ուզածին, և ասենք նույն Բերձորում ու մյուս բնակավայրերի շուրջ ներկայումս ծավալվող ոչ հայանպաստ իրադարձությունները պայմանավորված են ՌԴ-ի ու Թուրքիայի միջև կայացած քաղաքական առևտրով, որի արդյունքների մասին Էրդողանն անձամբ է որոշել Իլհամին տեղյակ պահել: Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե այս ամենի ֆոնին արդյոք Ադրբեջանը չի՞ փորձի գնալ Հայաստան-Ացրախ ցամաքային կապի խզման ճանապարհով՝մատնացույց անելով ասենք այն, որ Հայաստանն իբր հրաժարվում է դեմի Նախիջևան Սյունիքով միջանցք տալ Ադրբեջանին:

Ամեն դեպքում Բայրամովի հայտարություններից պետք չէ ոգևորվել, քանզի դա հայտարոuթյուն է՝ միայն տվյալ պահի համար, և կարճ ժամանակ անց թուրքական դիվանագիտությունը կարող է կրկին առաջ քաշել միջանցքի հարցը՝ հերթական քաղաքական առևտրի մեջ մտնելով Հյուսիսի կամ Արևմուտքի հետ: Ասել կուզի՝ թեման փակված չէ, այլ՝ միառժամանակ սառեցված: