ԱՄՆ-ն ծրագրում է Հայաստանին կտրել իր ավանդական դաշնակիցներից և առաջարկում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ


19:23 , 9 օգոստոս, 2022

Նիկոլի ամերիկյան դիլեման

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հանրության ուշադրությունն էր հրավիրել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ծավալուն փաստաթղթի վրա, ուր խոսվում է ԱՄՆ կառավարության՝ աշխարհի 175 երկրների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ առաջիկա տարիների ռազմավարության մասին:

«Ինտեգրված երկրի ռազմավարություն» վերնագիրը կրող այդ փաստաթղթում սևով սպիտակին շարադրվել են նույն Հայաստանին առնչվող ամերիկյան նարատիվները, որոնք, մեղմ ասած, բավական խնդրահարույց են ստացվել. ԱՄՆ-ն ծրագրում է Հայաստանին կտրել իր ավանդական դաշնակիցներից (ՌԴ-ից ու Իրանից), ինտեգրել արևմտյան աշխարհին՝ ստիպելով Երևանին արևմուտքի հետ միասին թշնամական վերաբերմունք դրսևորել այն երկրների նկատամբ, որոնց նկատմամբ արևմտյան երկրներն ունեն լրջագույն վերապահումներ: Ըստ այդ փաստաթղթի՝ եթե Հայաստանն ուզում է դառնալ քաղաքակիրթ աշխարհի մաս, ապա ստիպված է լինելու ընդհարվել թե՛ ՌԴ-ի ու Իրանի, թե՛ Չինաստանի հետ: Փոխարենն ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ և այլն: Այդ ամենին հասնելու ճանապարհին փաստաթղթում կարևորվել է ԱՄՆ կողմից նորանոր ջանքերի ներդրումն ու նոր եռանդով Հայաստանի հետ աշխատանքը:

Այդ փաստաթուղթը, իհարկե, առաջին հերթին արտահայտում ու առաջ է մղում ԱՄՆ ազգային շահերը: Հարց է առաջանում, սակայն, թե որքանո՞վ են այդ շահերը համընկնում մեր ազգային շահերի ու նպատակների հետ՝ նկատի ունենալով այն լրջագույն ռիսկերը, որոնց կարող է ենթարկվել Հայաստանը, եթե կյանքի կոչվի ամերիկյան փաստաթղթում տեղ գտած ծրագիրը:

Արևմուտքը Հայաստանին փաստացի պատրադրում է փոխել արտաքին քաղաքական վեկտորը. ավանդական դաշնակիցները դառնալու են թշնամի, իսկ պատմական թշնամիները՝ «բարեկամ»: Ընդ որում՝ պետք է գիտակցել, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում այս հարցը թողնել հայաստանյան ղեկավարության խղճին կամ ազատ հայեցողութանը, այլ մտադիր է վարել «մտրակի ու կարկանդակի» քաղաքակնություն, որի կիզակետում հայտնվելու է, փաստորեն, Նիկոլը՝ նկատի ունենալով, որ հենց նա է լինելու առաջիկա տարիներին ՀՀ ղեկավարը, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն:

ԱՄՆ կողմից հարցին նման կտրուկ մոտեցումն իրականում մարտահրավեր է՝ ոչ միայն հայկական պետությանը, այլև գլխավորապես Նիկոլի իշխանությանը: Մեծ հարց է, թե ի՞նչ կանի Նիկոլն այն դեպքում, երբ Մոսկվան նրան հանդուրժում է գլխավորապես այն պատճառով, որ հայտնի եռակողմ հայտարարության տակ դրված է հենց նրա ստորագրությունը. քանի դեռ ՌԴ-ի համար համար կարևոր է նոյեմբերի 10-ի հայտարարությունը, մեծ է հավանականությունը, որ Նիկոլին Կրեմլը չի ձեռնահարի, բայց արդյոք այդպես կվարվի նաև Վաշինգտո՞նը:

Նիկոլը հայտնվել է «մուրճի ու սալի արանքում». ցանկացած կտրուկ քայլ սպառնում է իշխանազրկմամբ, ուստի պետք է կարողանա գտնել ոչ ստանդարտ լուծումներ՝ ոչ ստանդարտ իրավիճակներում, ինչը հնարավոր է բացառապես Հայաստանի ազգային շահերի հաշվին, բնականաբար,իսկ այդ հարցում,ինչպես հայտնի է, Նկոլն առանձնապես կոմպլեքսներ չունի: