Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական ​​մեթոդներ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Արցախում իրավիճակի մասին


14:37 , 4 օգոստոս, 2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ։

«ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զոհերի հանգեցրած  զինված բախումների մասին տեղեկություններով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», - ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: