Իլիա Երկրորդն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ քննարկել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի խնդիրը


14:30 , 23 հուլիս, 2022

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին պարգեւատրել է Վրաց ուղղափառ եկեղեցու հատուկ պարգեւով՝ Բարեկամության շքանշանով, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Պարգեւը շնորհվել է «վրաց եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու ավանդի համար», հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Պատրիարքարանում կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել է ադրբեջանաբնակ վրացիների համար Վրաստանի թեմի բացման հարցը։ Անդրադարձ է եղել նաեւ վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածում գտնվող Դավիթ Գարեջի միջնադարյան վանական համալիրի մի մասի թեմային։

Պատրիարքարանը նշում է, որ «երկու հոգեւոր առաջնորդներին կապում է վաղեմի բարեկամությունը»։ Հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվել են ադրբեջանցի եւ վրացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանը եւ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ։