Ավոն բռնցքամարտիկ էր, անվճար ընդունվել էր Ֆիզկուլտ ինստիտուտ ու զորակոչվել բանակ. այսօր Ավոն պիտի զորացրվեր, բայց հավերժ զինվոր մնաց...


15:39 , 7 հուլիս, 2022
Նազարյան Ավագը Երևանում էր ծնվել։ Հարազատները նրան Ավո էին ասում։ Ավոն բռնցքամարտիկ էր, մեծ հաջողություններ էր գրանցել սպորտում։ 2020 թվականի հուլիսի 6-ին էլ անվճար ընդունվել էր Ֆիզկուլտ ինստիտուտ, ու հաջորդ օրը զորակոչվել բանակ։ Ջրականում էր ծառայում։ Հետախուզական վաշտի դիպուկահարն էր։
2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Այդ օրերին նրանք զորավարժությունների էին, ու սեպտեմբերի 30-ին պետք է իջնեին, բայց 27-ի առավոտը մեկընդմիշտ խառնեց բոլոր պլանները...
Ավոն թշնամու դեմ կռվեց մինչև հոկտեմբերի կեսը։ Հոկտեմբերի 13-ին, մարտական առաջադրանքը կատարելիս, զոհվեց Ավոն։ Մարմինը գտան ու հողին հանձնեցին նոյեմբերի 23-ին միայն... իր 19-ամյակից 1 օր առաջ...
Այսօր Ավոն պետք է զորացրվեր ու տուն վերադառնար: Մայրը պիտի գրկեր նրան ու էլ երբեք բաց չթողներ։ Բայց ավաղ, Ավագն ընկավ հանուն հայրենի երկրի պաշտպանության։
Լույսերի մեջ մնաս, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։