Վիգենը հունից դուրս է եկել


14:50 , 6 հուլիս, 2022
Պարզվում է՝ Վիգենին հույժ մտահոգել է Ազգային ժողովի վարքը: Մասնավորապես՝ նրան վրդովեցրել է խորհրդարանի հույժ հագեցած օրագարգը. «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններին զուգահեռ ԱԺ օրակարգ էր ընդգրկվել նաև 22 այլ նախագիծ, որոնց քննարկման համար հատկացվել է ընդամենը 3 ժամ ժամանակ: «Դադարեցրե´ք այս պրակտիկան, ԱԺ վարքին եք խփում. 3 ժամում ո՞նց 15 հարց քննարկենք երկու ընթերցումով»,-զայրացել է ՔՊ-ականը:

Վիգենի վրդվմունքի պատճառն իրականում միանգամայն արհեստական է: Բանն այն է, որ ԱԺ վարքին խփում է ոչ թե Վիգենի մատնանշած խնդիրը, այլ՝ շենքում նիստ անողների կազմը. վիգենների առկայությունն է, որ հեղինակազրկում է խորհրդարանը՝ անիմաստ դարձնելով դրա գործունեությունն ու նույնիսկ գոյությունը: Կամ ի՞նչ տարբերություն Վիգենի համար՝ քանի ժամ է հատկացվում քանի նախագծի համար: Եթե դրանց հեղինակը Նիկոլն է, ապա այսպես թե այնպես Վիգենը սեղմելու է համապատասխան կոճակը, իսկ դրանից առաջ իր դատարկ ելույթներով հիմնավորելու է դրանց իմաստավորված լինելը: Ո՞վ է հիշում Վիգենի մի ելույթ, որը քար կգցեր Նիկոլի բոստանը:

Վիգենի հունից դուս գալը, իհարկե, նրա մոտ առկա հոգեբանական խնդիրների մասին է վկայում. երևի ենթագիտակցորեն հասկացել է՝ ինչ են Հայաստանի հետ անում, բայց քանի որ հետդարձի ճանապարհ է՛լ չունի ու վաղուց է «Ռուբիկոնն անցել», հիմա ստիպված է նման կերպ թափել իր փուքսը:

Վիգենին տանջում է անխուսափելի պատասխանատվության հարցը, որին նա բախվելու է իշխանափոխությունից կարճ ժամանակ անց: