Հետու չէ այն ժամանակը, երբ Ալիևին թե՛ ռուսները, թե՛ Արևմուտքն ու Թուրքիան կանգնեցնելու են հստակ ընտրության առջև


16:03 , 5 հուլիս, 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում Ալիևը, Մոսկվայի հետ սերտացող հարաբերությունների ու ռուսական կողմի հետ նոր համաձայնագրերի կնքման ֆոնին (դրանք ադրբեջանական կողմը շատ հանգիստ կարող է բանեցնել՝ իր հակահայ օրակարգը ՌԴ-ում առաջ մղելու համար) հետաքրքիր ռեվերանսներ է արել ամերիկյան կողմին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարող է զգալի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում: Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանը հավատում է, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման գործում:

Սրան զուգահեռ էլ հեռախոսազրույց էր կայացել Միշելի ու Իլհամի միջև, որի ընթացքում ապշերոնյան բռնապետը ընդգծել էր Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ եռակողմ հանդիպումների և այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում:

Ալիևի՝ միջազգային արենայում ունեցած շահեկան դիրքը մեծապես պայմանավորված է այդ երկրի համար ուժային կենտրոնների միջև մղվող պայքարով: Հետաքրքիրն այն է, որ Ալիևին առայժմ հաջողվում է հաջողությամբ մանևրել հակառակորդ բևեռների արանքում՝ ստանալով ուզածը թե՛ ռուսական, թե՛ արևմտյան կողմից:

Օրինակ՝ ազերիներն այնքան են աճել, որ կարողացել են հայտնի հեռուստամեկնաբան Սոլովյովին ստիպել երկու անգամ ներողություն խնդրել՝ արցախյան կողմը նեկայացնող հայ պոշտոնյանի հետ հարցազրույց անելու համար, իսկ Միշելից էլ կորզել խիստ ադրբեջանամետ կեցվածք՝ որտեղ ոտնահարավում են հայկական շահերը՝ ադրբեջանական կապրիզների բավարարմանը զուգահեռ: Ասել կուզի՝ Ալիևն այժմ «ձիու վրա է», ուստի՝ ջանում է բոլորից կորզել այն, ինչ առայժմ հնարավոր է:

Հարցը, սակայն, այն է, թե Ալիևի աստեղային ժամը որքա՞ն կարող է տևել: Բանն այն է, որ հետու չէ այն ժամանակը, երբ Ալիևին թե՛ ռուսները, թե՛ Արևմուտքն ու Թուրքիան կանգնեցնելու են հստակ ընտրության առջև: Դա կլինի այն ժամանակ, երբ վերջնականապես կձևավորվի համաշխարհային ուժային նոր գերբևեռը. Ուկրաինայի պատերազմն այդ բևեռի ձևավորման կարևորագույն փուլերից մեկն է:

Տվյալ պարագայում Միշել-Ալիև հեռախոսազրույցը հուշում է, որ Արևմուտքում մեծ ուշադրությամբ հետևում են Մոսկվա-Բաքու հարաբերությունների խորացող դինամիկային և թույլ չեն տալու, որպեսզի Մոսկվան նվազեցնի արևմտյան դերակատարությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման հարցում՝ չնայած Մոսկայի ու Բաքվի սիրախաղի հիմնական նպատակը հենց դա է Ռուսաստանում: Բոլոր դեպքերում հայկական շահերի հաշվին է կայնալու ենթադրյալ խաղաղությունը, դա չի քննարկվում, պազրապես տերությունների միջև ընթանում է մրցակցություն, թե կոնկրետ ում ձեռքից է Ալիևը ստանալու հայկական փաթեթը: Ահա սրանից կախված էլ Ալիևի հաղթանակն այնքան էլ անխոցելի չի թվում, և եթե կողմերից մեկին չկարողացավ բավարարել Իլհամը, ապա դա կարող է շատ թանկ նստել Բաքվի վրա. Արևմուտքը ուզածը չստանալու դեպքում կարող է ճանաչել Արցախը՝ չճանաչելով վերջին պատերազմի արդյունքները, իսկ ՌԴ-ն, ունենալով դե ֆակտո զորքեր Արցախում, մի քանի տարի հետո կարող է գետնի վրա վերանայել պատերազմի արդյունքները՝ Ադրբեջանն իր ծիրից դուրս տեսնելու դեպքում:

Իսկ «ի՞նչ պետք է անի Հայաստանը» հարցը, ցավոք, անիմաստ է դառնում քանի դեռ իշխանության է Նիկոլն ու թիմը: Հայաստանը կարող էր շատ բան անել նույնիսկ այս վիճակում ու հենց այսօր, բայց օմեգաները ոչինչ չեն անում՝ ստանձնելով պորտապարուհու դերը գիշերային ակումբում. այդպես ավելի հարմար է, այդպես հեշտ է իշխանությունը պահել բռում: