«Կինս դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված ստացավ, մահացավ, ինձ 10 դիակ են ցույց տվել՝ ամբողջական, կեսից կտրած». անհայտ կորած զինծառայողի ծնողը չի իմացել, որ որդուն հուղարկավորել են


19:12 , 2 հուլիս, 2022

Aravot.am-ը գրում է.

Այսօր կառավարության առաջ բողոքի ցույց էր անում նաեւ անհայտ կորած զինծառայողի ծնող Գեւորգ Արաբաչյանը:

Ինչպես հաղորդում է Aravot.am-ը, նա եկել էր Իջեւանից, պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

Ասում է, որդին երկու տարի է` չկա, բայց մի օր պարզել է, որ նրան արդեն հուղարկավորել են: Ասում է՝ չի հավատում, որ իր որդուն են հուղարկավորել, նրան հասանելիք գումարն էլ իբր աներձագի անունով հատկացրել են:

«Նիկոլ Փաշինյանը պետք է ինձ հանդիպի, մեղավորներին բերի իմ առաջ կանգնեցնի: Հե՞շտ է, ասում են երեխադ հուղարկավորված է, ո՞ւր եք եկել այստեղ: Տասը դիակ են ցույց տալիս: Կոմպյուտերով նայում ենք, գրված է, որ Ազատամուտ գյուղում հուղարկավորված է, անգամ հետմահու մեդալ են ուղարկել, բայց ես չեմ վերցրել»:

Նրա խոսքով, կինը դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված է ստացել ու մահացել, անչափահաս երեխան մնացել է իր խնամքին:

«Գնում էինք դիահերձարաններ իմ երեխային ճանաչելու: Կանչել՝ ասել են՝ համընկնում կա, ինձ տասը դիակ են ցույց տվել՝ ամբողջական, կեսից կտրած, 15 տոկոս, ես ինչի՞ն հավատամ: Ասում են՝ ավտոն փոշիացել է, մեկ էլ ասում են` դիակը կա»:

Ասել է, որ, եթե այդպես արհամարհված մնա, իր քայլերն է անելու կառավարության գույքը շարքից հանելու է, նշել է նաև, որ ոստիկանների զգուշացումներից, որ կդատվի՝ չի վախենում:

«Ես պիտի արյուն թափեմ, ուրիշ տարբերակ չունեմ»,-ասել է անհետ կորած զինծառայողի հայրը:

Կառավարության նամակների բաժնից ասել են, որ դիմումը կփոխանցեն համապատասխան բաժին: