Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) դատապարտվեց ազատազրկման 9 տարի ժամկետով


19:16 , 30 հունիս, 2022

ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջիններիս առաջադրված մեղադրանքում։ Լևոն Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, Սուրեն Ղազարյանը՝ 8 տարի ժամկետով։

Դատարանն ավելի մեղմ պատիժ սահմանեց, քան պահանջել էր մեղադրող դատախազը։ Նա պահանջել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման։

Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։

Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, հանդիսացել Լևոն Սարգսյանը։  Լևոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Սուրեն Ղազարյանին  Քրեական օրենսգրքի  175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: