Փաշինյանի շարասյունն անցնելուց 20 րոպե առաջ արգելում են փողոցը հատելը


14:57 , 30 հունիս, 2022

Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մահվանից հետո, վարչապետն ուժեղացրել է անվտանգային համակարգը՝ հատկապես իր տեղաշարժման ժամանակ։ Երեկ, հունիսի 29-ին, Պարոնյան-Պռոշյան փողոցների հետիոտնային անցումներից յուրաքանչյուրի մոտ կանգնած էին 4-ական ոստիկան՝ 2-ը հատուկ նշանակության գումարտակից և 2-ը՝ պարեկային ծառայության աշխատակից։ Շուրջ 20 րոպե քաղաքացիներին թույլ չէին տալիս օգտվել անցումներից, որը դժգոհության պատճառ էր դարձել։ Ոստիկանները քաղաքացիներին ասում էին՝ սա ձեր իսկ անվտանգության համար է արվում։ Այսինքն՝ կարող է Փաշինյանի շարասյունը ձեզ գցի մեքենայի տակ, սպանի ու դեռ ոչ մեկն էլ չպատժվի։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ևս պետք է հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները, կարմիր լույսի տակ սպասեն, արագություն պահպանեն։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը սկսեց երթևեկել մեծ արագությամբ, որպեսզի հնարավոր «տերակտներից» խուսափի։ Եւ ապրիլի 26-ին տեղի ունեցավ ողբերգություն՝ Փաշինյանի շարասյան առջեւից գնացող ավտոմեքենան Պռոշյան փողոցի վրա վրաերթի ենթարկեց հղի կնոջ՝ 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը տեղում մահացավ: Նա 8 ամսվա հղի էր, սպասում էր իր առաջնեկին։