«Խաղաղության օրակարգը, հանուն որի՝ Փաշինյանը հազարավոր զոհերի հեղինակ դարձավ, Արցախը հանձնեց, չաշխատեց»․ Մետաքսե Հակոբյան


19:27 , 29 հունիս, 2022

168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հրավիրած առցանց «մամուլի ասուլիսի» ժամանակ անդրադարձել էր նաև Լաչինի միջանցքին։ Պատասխանելով հարցին, թե Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերն անցնելու են Ադրբեջանի՞ն, Փաշինյանը մասնավորապես ասել էր․

«Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին այդ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։

Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պիտի ապահովվեն բնակարաններով։ Այդտեղ գյուղեր են թվարկվում․ ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ խոսքը բոլոր բնակավայրերի մասին է։

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, և Լաչինում այսօր մարդիկ, ըստ էության, ընտանիքներ չեն ապրում, և կառավարության որոշումներով նրանց խնդիրները լուծել ենք։

Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն։ Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետև այս պահին այդպիսի տեղեկություններ չունեմ։ Սկզբունքը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս է գտնվում․․․»։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

168.am-ի հետ զրույցում ասաց, որ 4 տարի է՝ լսում են Փաշինյանի հակաարցախյան, հակահայկական հայտարարությունները, և, որ այս հայտարարության մեջ որևէ անսպասելի բան չկար։

«Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ փաթեթով, իր ստորագրությամբ վավերացնելով, իր սև գործը կատարել է, հիմա մաս-մաս շարունակում է կատարել։ Չնայած նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը մեր պատմության մեջ ամենաաղետալին է, բայց մենք հիմա այն իրավիճակում ենք, որ այդ փաստաթուղթը փրփուրներից կախվելու մի տարբերակ է, որ այդ հայտարարության կետերը կատարվեն, որոնք առ այսօր չեն կատարվել, մասնավորապես՝ 6-րդ կետը, որտեղ խեղաթյուրած է հայերեն տարբերակը՝ թարգմանությունը, և տպավորություն է, որ դա հատուկ թարգմանվել է ի օգուտ ադրբեջանական կողմի։

Ռուսական տարբերակում նշված է․ «По Лачинскому коридору», հայկական տարբերակում՝ «Լաչինի միջանցքի երկայնքով»։ Ռուսական տարբերակով պահվում է 5 կիլոմետրի պայմանավորվածությունը, որ չի կարող անցնել 5 կիլոմետրը, բայց ինչպես տեսնում ենք՝ ճանապարհը որոշ հատվածներում անցնում է 5 կիլոմետրը։ Այսինքն՝ այդ պայմանավորվածությանը չի՛ համապատասխանում, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության՝ այն չի կարող լինել կամ համարվել նոր միջանցքը, որը Արցախը պետք է կապի Հայաստանի հետ։

Երկրորդ։ Այդ կետի վերաբերյալ հստակ նշված է, որ այդ ճանապարհի նախագիծը պետք է քննարկման դրվի 3 տարի անց՝ 2023 թվականին։ Դրան հաջորդել են Ալիևի բազմաթիվ հայտարարությունները, որ իրենք շատ արագ են կառուցելու ճանապարհը, բայց ոչ մի խոսք չի եղել քննարկելու մասին։

Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների հետ եղել է բանավոր պայմանավորվածություն, թե որտեղով է անցնելու ճանապարհը, ով ինչն է կառուցելու, և արդյունքում ստացվում է, որ այդ ճանապարհը կառուցեց Ադրբեջանը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը, ապա ընդգծեց, որ մինչ օրս որևէ փաստաթուղթ չի հրապարակվել, որտեղ ստորագրություն լինի այդ նախագիծը հաստատելու վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։