«Այո, Ռադիոտան հետ կապված եղել է այդ դեպքը, բայց Նիկոլ Փաշինյանը հետո այդ դուռը վերանորոգել է»․ Ալեն Սիմոնյան


13:15 , 28 հունիս, 2022

168.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունով և վարչությունով կքննարկեն՝ հասկանալու համար՝ արժե՞ ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատից, թե՞ ոչ, քանի որ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։

«Կար երկու կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն իրեն արդեն մանդատներից զրկել է։ Անկեղծ ասած, չեմ հասկանում՝ մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց և այդ նշաձողի տակ մնալուց հետո, ինչպես են վերադառնալու այս դահլիճ։ Իսկ երկրորդն կարծիքն այն է, որ այն, ինչ մահացած է, այլևս չես կարող զրկել մանդատից։ Կքննարկենք, կհասկանանք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի, առնվազն 11 պատգամավոր կա, որոնց մանդատից զրկելու հարցը կքննարկեն, թեպետ մեկ պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, վայր դրեց մանդատն ավելի շուտ, քան նման գործընթաց կսկսեին։

«Արթուր Վանեցյանը մանդատից արագ հրաժարվեց, որպեսզի այդ պրոցեսը չսկսվի, երևի դա է դեր խաղացել։ Այս պահին մնացել է 10 պատգամավոր, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։

Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը ՀՀ քաղաքացիների մոտ աջակցություն է գտնելու։ Համեմատականները տեղին չեն, կրկնել 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի և մեր արածները, նշանակում է, որ նրանք շատ բան ունեն սովորելու Նիկոլ Փաշինյանից, ժողովրդից և ՔՊ-ից։ Այո, Ռադիոտան հետ կապված եղել է այդ դեպքը, բայց Նիկոլ Փաշինյանը հետո գնացել ու այդ դուռը վերանորոգել է։ Ես ընդդիմությանը լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական գերեզմանոցում»,- հավելեց նա։