«Հրապարակ». Էդպես էլ կարելի է մեկնաբանել, որ պաշտոնի չնշանակվելս է ՔՊ-ից դուրս գալու պատճառը


11:13 , 25 հունիս, 2022
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ 2021 թ․ հունվարի 15-ին ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար աշխատած ու մեկ տարի չանցած՝ այդ պաշտոնից ազատված Տիգրան Ուլիխանյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին հունիսի 7-ին դիմում է ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։

«Պատճառը շատ պարզ է։ Իմ պատկերացմամբ, քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները եւ հավակնություններն իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետեւաբար, այդ նպատակները եւ հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ»,- գրել է Ուլիխանյանը։

Նշենք, որ նա մեկ տարուց ավելի է՝ գործազուրկ է, գուցե խոստացել, բայց այդպես էլ չեն նշանակում որեւէ պաշտոնի, եւ ՔՊ-ից դուրս գալու պատճառը դա է, ինչն ինքը չի էլ թաքցնում։

- Պարոն Ուլիխանյան, կոնկրետ ո՞ր հարցում ՔՊ-ն չի սպասարկել Ձեր հավակնությունները։

- Գրած է՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Այսինքն՝ մարդիկ կան, որ հավակնություններ ունեն քաղաքական իշխանություն ձեւավորելու, էդ հավակնությունները սպասարկելու համար ընտրում են քաղաքական ուժեր, եւ էդ կուսակցություն ասված հարթակը սկսում է սպասարկել մարդու քաղաքական հավակնությունները։ Երբ որ դադարում է էդ պրոցեսը, պետք է կուսակցությունն ու էդ մարդն իրարից բաժանվեն։

- Հիմա Ձեր քաղաքական հավակնությունները որո՞նք էին, ի՞նչ էիք ակնկալում՝ ՔՊ կուսակցությանն անդամագրվելով։

- Ընդհանուր առմամբ՝ քաղաքական իշխանությունում ներգրավված լինելն է քաղաքական հավակնությունը։ Քաղաքական հավակնությունը մեկն է՝ իրականացնել քաղաքական իշխանություն։ Երբ որ դու ինչ-որ ժամանակ դրա մաս ես, հետո դրա մասը չես լինում, էլ նշանակություն չունեն պատճառները։ Արդեն պետք է մտածես ապագայի մասին։

- Ստացվում է՝ պաշտոնի չեք նշանակվել, դրա՞ համար եք դուրս գալիս ՔՊ-ից։

- Դե, էդպես էլ կարելի է մեկնաբանել։ Էսպես ասեմ՝ երեւի Դուք ակնկալում էիք, որ ես «կռուտի՞տ» պիտի անեմ՝ կներեք էդ բառի համար, բայց չէ՝ իրականում դա է պատճառը, որովհետեւ ես չեմ կարող ուղղակի կրավորական վարքագիծ ունենալ։

- Կարո՞ղ ենք ասել, որ նեղացած եք թիմից, օրինակ՝ Ձեզ խոստացել են ու չեն նշանակել պաշտոնի։

- Ոչ, այդպիսի բան չի եղել, որ ինձ խոստանան ու չնշանակեն։ Ես «նեղանալ» ասած բառն ընդհանրապես տղամարդավարի չեմ համարում ու տենց ստից բաների մեջ չեմ մտնում։

- Այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Ձեզ ազատեցին պաշտոնից, հետո չնշանակեցին։ Խոսե՞լ եք իրենց հետ, թե ինչու Ձեզ, այսպես ասած, «լուսանցքից դուրս» թողեցին։

- Ես, էսպես ասեմ, էդ պատճառների մասին եւ այլն, շատ ժամանակ էլ չկա մտածելու, ես չեմ կարծում, որ արժե՝ ես դրա վրա ժամանակ վատնեմ։ Եթե մեկին ազատում են, նշանակում է՝ գոհ չեն նրա կատարած աշխատանքից։ Ինձ թվում է՝ պարզ է, էլի։ Երբ մարդուն ազատում են աշխատանքից, նշանակում է՝ քաղաքական նպատակահարմարությունը դրդել է նրան, որ էդ մարդուն ազատեն աշխատանքից։ Մնացածն արդեն հեքիաթներ են, պետք է ամեն ինչ պարզ ասել։

- Կստացվի, որ Դուք անձնական նպատակներով էիք մտել ՔՊ, կուսակցական գաղափարախոսությունը Ձեզ համար առաջնային չի եղել, որովհետեւ էսօր շատ ՔՊ-ականներ կան, որոնք պաշտոն չունեն։

- Կուսակցական գաղափարախոսություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Էն գաղափարները, որոնք իմ մեջ մշտապես եղել են, էդպես էլ մնացել են։ Թե չէ՝ կուսակցական գաղափարախոսությունը․․․ հիմա Դուք քանի՞ կուսակցության գաղափարախոսություն գիտեք։ 

- Նրանք, ովքեր մնում են մինչեւ վերջ եւ չեն դավաճանում կուսակցությանը․․․

- Իմ անվան հետ միասին «դավաճանություն» բառն օգտագործելը առնվազն․․․ չգիտեմ՝ ինչ բառ օգտագործեմ։

- Ես ասում եմ, որ մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից, օրինակ՝ նույն ՀՀԿ-ից որ դուրս էին գալիս, էդ մարդկանց էլ էին մեղադրում, որ պաշտոնի համար էին մտել ՀՀԿ, հիմա, երբ ՀՀԿ-ն այլեւս իշխանության չէ, իրենք էլ պաշտոն չունեն, դուրս են գալիս։ Այդ իմաստով կարող են մեղադրել սկզբունքներին, գաղափարներին դավաճանելու մեջ։

- Ձեր ասածն արդարացված կլիներ, եթե մեր քաղաքական թիմն ընտրություններին պարտություն կրեր։ Իսկ քաղաքական ուժի՝ իշխանություն եղած ժամանակ քանի՞ մարդ եք ճանաչում, որ իշխանական կուսակցությունը լքի։ Առավոտից իրիկուն կուսակցություն մուտք գործելու համար հերթեր են, չէ՞։ Ուզում եմ ասել՝ էդ պրոցեսը միանշանակ դավաճանության հետ կապելը ճիշտ չէ։ 

- Դուք ասել էիք նաեւ, որ Ձեր նպատակները եւ հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեք այլ հարթակ։ Դա ի՞նչ է նշանակում։

- Ուղիղ էն, ինչ որ գրած է։ Որպես լոռեցի մարդ՝ ամենապարզ ձեւով գրել եմ։

- Այսինքն՝ հնարավո՞ր է այլ կուսակցության անդամագրվեք։

- Շատ հանրավոր է՝ կա՛մ անդամագրվեմ, կա՛մ այլ ինչ-որ մի բան, էլի։ Հիմա ես դրա համար եմ ասում՝ էս պահին ես պետք է փնտրտուքների մեջ լինեմ ու տեսնեմ՝ եթե առկա կուսակցությունների մեջ կա էդպիսի կուսակցություն, որն էս պահի դրությամբ․․․ իրականում, չեմ տեսնում։

- Բայց այդ կուսակցություններն այս պահի դրությամբ իշխանություն չեն եւ Ձեզ էլ ո՛չ իշխանության են բերելու, ո՛չ պաշտոն են առաջարկելու։

- Միանշանակ։ Բայց ցանկացած քաղաքական կուսակցություն, եթե ես հիմնադրեմ կամ անդամագրվեմ, ուրեմն էդ կուսակցությունը պետք է հավակնություն դրսեւորի՝ ընտրությունների միջոցով գալ իշխանության, ու էդ դեպքում ես կլինեմ իշխանության մաս, ու կստացվի, որ ես կկարողանամ իմ քաղաքական հավակնություններն իրագործել։

- Այսինքն՝ Դուք քաղաքական հավակնություն ասելով հասկանում եք՝ լինել կոնկրետ պաշտոնի, որեւէ լծակ ունենալ, փորձել իրականացնել Ձեր գաղափարները կամ նպատակները։

- Բոլորի մոտ քաղաքական հավակնություններ ասվածը դա է նշանակում, եթե մարդիկ տարբեր կերպ ամաչում են դրա մասին բարձրաձայն ասել, դա իրենց խնդիրն է։ Այո, քաղաքական հավակնությունը դա քաղաքական պաշտոն կամ որեւէ պատասխանատու պաշտոն զբաղեցնելն է, որպեսզի քո նպատակները երկրի զարգացման ուղղության վերաբերյալ կարողանաս լեգիտիմ լծակներ ունենաս՝ իրագործելու։ Դա է քաղաքական հավակնությունը, թե չէ քաղաքականությունը Ֆեյսբուքում գրելու բան չի, էլի։