Ո՞վ կանգնեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը. Ռուսաստա՛նը. Կադիրովը բողոքել է Մոսկվայի համար դժվար ժամանակներում ՀԱՊԿ-ի «լռությունից»


17:07 , 20 հունիս, 2022

Tert.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «դժվար ժամանակներում» Ռուսաստանի համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան) ոչ մի օգուտ չկա։ Կադիրովը կշտամբել է կազմակերպության ղեկավարներին՝ արևմտյան պատժամիջոցների մտավախության պատճառով լռության համար։

«Ահա գոյություն ունի ՀԱՊԿ կազմակերպությունը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակված ուղերձում։

«Ռուսաստանն օգնում է բոլորին, բայց Ռուսաստանին այս կազմակերպությունից ոչ մի օգուտ չկա»,- ասել է Կադիրովը։

Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները պաշտպանում են Ուկրաինայի շահերը:

«Իսկ մեր հապկականներն ինչո՞ւ են լռում։ Ինչո՞ւ չեք խոսում ձեր հարևանների մասին», - հարց է հղել Կադիրովը։

«Ինչո՞ւ չեք փորձում վերջ տալ պատերազմին։ Ինչո՞ւ դիրքորոշում չունեք բանդերականների, նացիստների դեմ, մեր նախնիներին սպանած նացիստների դեմ, չէ՞ որ մենք միասին ենք կռվել Բանդերայի դեմ։ Եվ հիմա, կարծես ոչինչ չի եղել՝ վախենալով Ամերիկայի կամ Եվրոպայի պատժամիջոցներից, բոլորը լռում են»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։

Դիմելով ՀԱՊԿ առաջնորդներին որպես նախկին Խորհրդային Միության ղեկավարներ՝ Կադիրովը հորդորել է. «Միացե՛ք և ասե՛ք ձեր խոսքը, ոչինչ չի պատահի: Եթե կա պետություն, եթե կա դաշնակից, նա պետք է որոշի և անի իր քայլը։ Ո՞վ փրկեց Բելառուսը. Ռուսաստա՛նը: Ո՞վ փրկեց Ղազախստանը. Ռուսաստա՛նը: Ո՞վ կանգնեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը. Ռուսաստա՛նը: Իսկ երբ օգնությունը Ռուսաստանին է պետք, բոլորը լռում են, դուք վախենում եք պատժամիջոցներից»,- ասել է Կադիրովը։

«Անկեղծ ասած, մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք: Մենք գիտենք, թե ինչպես պետք է պայքարել. Այսօր, վաղը, վաղը մյուս օրը մենք լավ արդյունքներ ցույց կտանք Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում։ Եվ մենք ավելի հեռուն կգնանք»,- խոստացել է Չեչնիայի ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: