Մի քանի սանձարձակ անձինք ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, նկարվեցին ու իրենց գռեհիկ վարքից գոհ՝ գնացին․ Անահիտ Ավանեսյան


21:02 , 8 հունիս, 2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր մի քանի կին պատգամավորների՝ իր աշխատասենյակ մտնելու միջադեպին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։

Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»։