Պեկինն ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենին մեղադրել է Չինաստանին արատավորելու մեջ


16:29 , 27 մայիս, 2022

ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ստահոդ պնդումներ է գտել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ վերջերս Չինաստանի կողմից սպառնալիքի վերաբերյալ նրա արած հայտարարության մեջ եւ այդ սպառնալիքը համարել է չափազանցված: Այդ մասին հաղորդել է CGTN հեռուստաալիքը:

ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վան Վենբինը նշել է, որ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքը բովանդակում է «ստահոդ տեղեկատվություն, չափազանցնում է «չինական սպառնալիքը», միջամտություն է Չինաստանի ներքին գործերին եւ արատավորում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը»:

Մայիսի 26-ին Asia Society կազմակերպությունում Բլինքենը հայտարարել է, որ Չինաստանն աշխարհի միակ երկիրն է, որը ցանկանում է փոխել աշխարհակարգը եւ ռեսուրսներ ունի այդ խնդրի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ձգտում հասնել Չինաստանի հետ ո՛չ հակամարտության, ո՛չ «սառը պատերազմի», չի փորձում ՉԺՀ-ին զրկել համաշխարհային տերության կարգավիճակից կամ խանգարել նրա տնտեսական աճին, սակայն կպաշտպանի միջազգային օրենքները, համաձայնագրերն ու ինստիտուտները, որոնք երաշխավորում են առանձին երկրների ու անհատների իրավունքը, հաղորդել է «Իտերֆաքս»-ը: