Ալիևը ճեղքում է Սյունիքը


16:22 , 24 մայիս, 2022
Միշելի հայտարարությունը համաթուրքական ցնծություն է առաջ բերել. Ալիևն Էրդողանին ավետել է «Զանգեզուրի միջանցքի» մոտալուտ բացման մասին, որը ներառելու է և՛ երկաթուղու, և՛ մայրուղու կառուցումը, Էրդողանն էլ, իր հերթին, բարձր է գնահատել հանդիպումն ու դրանում ձեռք բերված դրական արդյունքները։

Մեկնաբանելով եղելությունը՝ Նիկոլի ԱԽՔ-ը հայտարարել է, թե Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել:

Հայաստանի համար գոյութենական նշանակության հարց է «Զանգեզուրի միջանցք» հորջորվող ճանապահը, և այն, թե ինչպիսին կլինի Հայաստանի տարածաշրջանային ու աշխարհքաղաքական դերը, շատ առումներով որոշվելու է հենց այդ ճանապարհի իրավական կարգավիճակով: Միջանցքային տրամաբանություն առաջ քաշելով՝ թուրքերը ի սկզբանե նպատակ են հետապնդում՝ զրոյացնելու ՀՀ-ի սուբյեկտայնությունը, Իրանը, որ այս հարցում գլխավոր ընդդիմախոսն է, բացառում է միջանցքային տրամաբանությունը՝ նպաստելով ՀՀ-ի դուբյեկտայնության աճին, կանխելով այդ միջանցքից Իրանի համար բխող աղետալի հետևանքերը: Այստեղ, սակայն, ուշագրավ մեկ այլ հանգամանք կա՝ նիկոլական իշխանության լղոզված դիրքորոշումը: Բանն այն է, որ Հայաստանի դե ֆակտո տարածքային ամբողջականության ջատագով հանդես են գալիս ոչ թե ՔՊ-ակաները, որոնք հասկացնել էին տվել, որ դեմ չեն միջանցք տալուն, այլ օտարները: Բայց հիմա, երբ, փաստորեն, միջանցքի գաղափարը կարծես ջրվում է, իշխանություններն այն վերագրում են իրենց՝ ներքին ռեյտինգի բարձրացման նպատակով: Մինչդեռ ակնբախ է, որ Ադրբեջանի՝ միջանցքային տրամաբանությունից հրաժարումն ունեցել է իր գինը. արցախահայությանը որպես ընդամենն ազգային փոքրամասնություն ներկայացնելով ու դրանով Արցախի հարցը փակելով՝ վարձահատույց են եղել Բաքվին, քանի որ Ադրբեջանը ժամանակին հայտարարել էր, թե Լաչինի միջանցքն ունենալու է այն նույն կարգավիճակն, ինչ՝ «Զանգեզուրի միջանցքը»: Եթե Արցախը վերացվում է որպես սուբյեկտ՝ արցախահայությունն էլ՝ հետն, ապա Լաչինի միջանցքի հարցը փակվում է: Այսինքն՝ ԼՂ-ն հանձնվեց Ադրբեջանին, ինչի դիմաց Ադրբեջանն իբր հրաժարվեց «Զանգեզուրի միջանցքին» էքստերիտորիալ կարգավիկ տալու պահանջից:

Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ այդ պահանջն, եթե նույնիսկ չեղակվել է, ապա չեղարկվել է ժամանակավորապես. հարմար առիթի դեպքում դրվելու է դրա՝ Ադրբեջանի իրավասությանը հանձնելու հարցը: Եթե հաջողվի կոտրել Իրանի դիմադրությունը, թուրքերը հարցը կլուծեն:

Մյուս կողմից՝ բաց է մնում հարցը, թե ինչ սզկբունքներով է շահագործվելու «միջանցքը»: Հիմա եթե ասենք պայմանավորվեն, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու է՝ դրա դիմաց վճարելով կոնկրետ ֆիքսված հարկ ՀՀ-ին՝ անկախ այն բանից, թե ինչ նպատակով ու ինչ ծավալով է այդ ճանապարհն օգտագործվելու, արդյոք ՀՀ-ին պատկանող ճանապարհը փատացի միջանցքի չի՞ վերածվելու: Համենայն դեպս՝ տնտեսական օգուտների առումով Հայաստանը պետք է մեծ ակնկալիքներ չունենա՝ չնայած որ նույն իշխանությունները շարունակաբար գովերգում են «Հայկական խաչմերուկի» նիկոլական գաղափարն ու այն ներկայացնում որպես ՀՀ «փրկություն»: