Բայդենը կարող է փորձել համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում


13:49 , 20 մայիս, 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է փորձել միջնորդել Թուրքիայի և սկանդինավյան երկու երկրի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև՝ վերջինիս ՆԱՏՕ-ում ընդունելու հարցում Անկարայի դիրքորոշումը փոխելու նպատակով։ Այս ենթադրությունն ուրբաթ հայտնել է թուրքական Milliyet Güldener Sonumut թերթի սյունակագիրը։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել է, որ չի հրաժարվում նախկին որոշումից և դեմ է լինելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելուն:

«Մենք չենք ուզում նույն սխալը երկու անգամ անել: Ուստի մենք վճռականորեն շարունակելու ենք մեր քաղաքականությունն այս առումով։ Մենք մեր գործընկերներին ասել ենք, որ «ո՛չ» ենք ասելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։ Մենք կշարունակենք մեր ճանապարհը նույն ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ կապված այդ երկրների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը ներգրավված անձանց արտահանձնելու մերժման, ինչպես նաև «ահաբեկչական կառույցների» վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայության հետ:

Նա խորհուրդ է տվել սկանդինավյան երկրների ներկայացուցիչներին, որոնք մոտ ապագայում պատրաստվում են այցելել Անկարա, որպեսզի համոզեն Թուրքիային ընդունել իրենց Հյուսիսատլանտյան դաշինք, նեղություն չքաշել ու Անկարա չգալ: