Porsche Cayenne-ի վրա 18 կրակոց արձակելու մեջ կասկածվողներից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է


22:36 , 13 մայիս, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 13-ին իրավապահները պարզել են, ապա հայտնաբերել այսօր Երևանում կրակոցներ արձակած կասկածյալին։

Շենգավիթում հայտնաբերվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Բեգլար Հ-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ձերբակալվել է։

Կասկածյալ Բեգլար Հ-ն մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող ԱԿՍ տեսակի ինքնաձիգը։

Քննիչն այն առգրավել է և նշանակել է դատաձգաբանական, դատագենետիկական և դատաքիմիական փորձաքննություններ, քանի որ ավտոմատի հետ հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Մինչև դանակահարություններն ու կրակոցները,  կողմերի միջև գումարային հարցի շուրջ տեղի է ունեցել զրույց, որ վերածվել է վիճաբանության, ապա ավարտվել դանակահարություններով ու կրակոցներով։ Այս պահին, որպես կասկածյալներ, 3 հոգի որոնվում են։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում 18 կրակոց էին արձակել Porsche Cayenne ավտոմեքենայի վրա, կային վիրավորներ։