Բազկամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Մրտեյանն ու Արսեն Խաչատրյանը նվաճեցին չեմպիոնի տիտղոսը


00:38 , 10 մայիս, 2022

Armdaily.am-ը գրում է.

Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը հաղթեց եզրափակչում և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Մրտեյանը բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն է և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի մրցապայքարում։

Նշենք, որ նա մրցում էր 60 կգ քաշային կարգում, այսօր հաղթել էր մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ փուլ, այնուհետև մրցել եզրափակչում ու նվաճել ոսկե մեդալ։

Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Արսեն Խաչատրյանն էլ 90 կգ քաշային կարգում է նվաճել ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Բազկամարտում Հայաստանն ունի նաև 2 բրոնզե մեդալակիր։ 65 կգ քաշային կարգում Բարիս Չապուխյանը և 80 կգ քաշային կարգում Գոռ Էլբակյանը գրավեցին 3-րդ տեղը։

Նշենք, որ վաղն արդեն մարզիկները կպայքարեն աջ ձեռքով։ 

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մայիսի 7-ին մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։

Առաջնությանը մասնակցում են հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։

Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ։