Մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար. Իտալիայի ԱԳ նախարար


16:47 , 9 մայիս, 2022

Հռոմը Կիևին զենք չի մատակարարում, որպեսզի Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքում:

Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն Rai3 հեռուստաալիքի եթերում։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինա են ուղարկվում միայն պաշտպանական զինատեսակներ։

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային և նրա բանակին երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու հարցում: Մենք կշարունակենք աշխատել հանուն աշխարհի խաղաղության: Բայց մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում, որպեսզի վերջինս Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնի», – ընդգծել է Դի Մայոն:

Նախարարը խոսել է նաև հակամարտության դիվանագիտական կարգավորման հասնելու Հռոմի ջանքերի մասին։ «Մենք պետք է շուտափույթ զինադադարի հասնենք, բանակցությունները փակուղի են մտել, բայց մենք երբեք չենք դադարեցրել դրանք վերսկսելու ուղղությամբ գործողությունները»,- ասել է նա։