Ատելության դարաշրջանը Հայաստանում և «ջայլամային սպարտակիադան». Ձեր հեռացումը պետք է խորհրդանշի հայտնի կարգախոսի հայկական տարբերակը


14:41 , 9 մայիս, 2022

168.am-ը գրում է․

2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանը և հայաստանյան հասարակությունը նյարդային ատելության ռեժիմում են: Հայաստանը վերածվել է «ատելության խոսքի» տարածքի, որտեղ թիրախները նույն ազգի, նույն պետության քաղաքացիներն են:

Երևի շատերի համար ստանդարտ միտք կասեմ, սակայն այս ամենի ամենամեծ մեղավորը այս պահին դեռևս իշխող ուժն է: Պետք է ևս մեկ անգամ ներկայիս իշխանությանը փաստեմ հետևյալը.

– 2018-ից հետո դուք ոչ միայն ոչինչ չարեցիք ներհայաստանյան ատելության ծավալումը թույլ չտալու համար, այլ ընդհակառակը՝ խրախուսեցիք դա:

– 2020 թվականի տապալումներից, պարտություններից, ողբերգություններից հետո դուք ոչ միայն կամովին և մեղքի գիտակցումից դրդված չհեռացաք, այլև 2021-ին համառորեն անտեսելով և ոտնահարելով տրամաբանության, քաղաքագիտության, պետական շահի բոլոր գրված և չգրված նորմերը՝ վերընտրվեցիք:

– Դրանից հետո շարունակելով թեժացնել «ատելության քուրան»՝ դուք անցաք բոլոր կարմիր գծերը, իսկ ձեզնից ոմանք ընդհանրապես այրեցին իրենց կամուրջները տրամաբանության, երբեմն էլ բարոյականության հետ:

– Հայաստանը ներքաշելով ատելության ճահիճը՝ դուք հասարակության մի մասի մոտ արթնացրեցիք ամենաստոր, որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող, բարոյականության սահմաններից անասելի հեռու զգայարանները, երբ երկու ոտքերի վրա կանգնած մեկը կարող է կոչ անել Արցախյան պատերազմում երկու ոտքերից զրկված նվիրյալին գնալ ու պաշտպանել Արցախը, երբ կարող են վիրավորել և հայհոյել զոհված զինվորի ծնողին, երբ կարող են մեղադրել և վիրավորել ավտովթարի ենթարկված և մահացած հղի կնոջը: Մարդուն ինչ որ քայլ անելիս ուղեղն է իմպուլսներ ուղարկում. հիմա ուզում եմ հասկանալ այդ սուբյեկտները նման անբարո «միտք-զառանցանքները» արտահայտելիս որտեղի՞ց են իմպուլս ստացել: Մեր կողքին ապրող և մթագնած բանականությամբ այդ կերպարներին վիրավորել անգամ չարժե, քանի որ մարդկությունը չի ստեղծել այն վիրավորական բառը, որով կարելի է բնութագրել նմաններին:

– Դուք մարդուն վիրավորելը դարձրեցիք ամենահեշտ գործը Հայաստանում. երբ համակարգչի առաջ նստածը կարող է հայհոյանք գրել վաստակ ունեցողին, երբ անարժանը կարող է վիրավորել արժանավորին, երբ տգետը կարող է վիրավորել գիտնականին: Ընդ որում՝ այս ամենն արվում է առանց պատասխանատվության զգացման, առանց գիտակցման, որ ասվածի համար պետք է պատասխան տալ և որ մարդուն վիրավորելն ու դրա հիմնավորում չունենալն ամենապարսավելի երևույթներից է:

– Դուք ձեր քայլերով և գործողություններով խրախուսեցիք տգիտությունը, դուք ձեզ հենարան հռչակեցիք «կովկասյան վագրերին»՝ վագրաձև սպորտային համազգեստով կանանց հավաքական կերպարին, գիտելիքի և իմացության սահմանափակ պաշարով օժտված հասարակական շերտին, մուրճի թափահարումից ուրախացողներին, իսկ մյուսներին քամահրանքով և թշնամանքով հռչակեցիք էլիտա: Պոպուլիզմի գերդոզավորմամբ դուք շահարկեցիք ձեզ աջակցող այդ հասարակության ավելի լավ Հայաստան տեսնելու զգացմունքները և դրանով նաև անհիմն դասակարգային բաժանումներ ու ատելություն հրահրեցիք:

– Դուք հեռացաք հոգևորականությունից և թիրախավորելով նրանց՝ սկսած Վեհափառից մինչև քահանա, դուք նույնիսկ Հայոց ցեղասպանության հուշարձան ապրիլի 24-ին հայոց հոգևոր դասի հետ չեք գնում, դրանով առաջին քրիստոնյա ազգի կերպարը ստորադասում եք ձեր մաղձոտ և նեղմիտ քինախնդրությանը:

– Դուք ստեղծեցիք կուռք և խրախուսեցիք դրա պաշտամունքը:

– Եվ ի վերջո, դուք այս ամենը տեսնում եք, սակայն չտեսնելու եք տալիս:

Բացի ատելության ռեժիմից Հայաստանում իշխում է ջայլամային մտածելակերպը, որը երկիրը կարծես վերածել է «ջայլամային սպարտակիադայի» հարթակի: «Ջայլամային սպարտակիադայում» հաղթող կամ առաջատար է նա, ով ավելի քիչ բան կնկատի, ով ավելի խորը կթաղի գլուխը ավազի մեջ: Եվ կրկին դիմելով ներկայիս իշխանությանը՝ փաստեմ.

Այս ամենը պետք է կանգնեցվի, խոսքի և պատասխանատվության զգացումը և գիտակցումը պետք է վերականգնվի, արժեքները պետք է վերադառնան, Հայաստանը պետք է հառնի տգիտության, կեղծիքի, անբարոյականության, պարտվողականության, թշնամասիրության, անարժանապատվության ճիրաններից: Ձեզնից ոմանք պետք է ապաշխարեն, ոմանք այդ իրավունքից էլ են արդեն իրենց զրկել՝ հատելով բոլոր կարմիր գծերը: Ձեր հեռացումը պետք է խորհրդանշի հայտնի կարգախոսի հայկական տարբերակը՝ այլևս երբեք. այլևս երբեք այս «արժեքները», այս մտածողությունը, այս ինքնախաբեությունը Հայաստանում չպետք է լինեն դոմինանտ և պետք է հեռու լինեն պետական լծակներից:

Հայաստանը պետք է դուրս գա ներհայաստանյան ատելության ռեժիմից:

Հայաստանում պետք է ավարտվի «ջայլամային սպարտակիադան»:

Ռուբեն Մելքոնյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր