Ոչ մի մանդատ ստացած չի կարող բաժանել Հայաստանի, աշխարհասփյուռ և Արցախի հայությանը. Մետաքսե Հակոբյան


20:12 , 30 ապրիլ, 2022

Panorama.am-ը գրում է.

«Մենք միասական մարմին ենք, մեկ ենք, ունենք անվտանգային մեկ համակարգ, որը կործանելու առաջին քայլը մեզ բաժանելն է, ինչը որ, ցավոք սրտի, հիմա արվում է»,-«Լույս թունելի վերջում» պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը և կարծիք հայտնեց, որ գերտերությունները Հայաստանին հենց Արցախի հետ են տեսնում:

Նա պատահական չհամարեց, որ Հայաստան-Արցախ միասնության մեջ թշնամիների համար Արցախը դարձել է թիրախ, այդ պատճառով էլ 30 տարի շարունակ ՀՀ իշխանությունները ծնողի նման են վերաբեվել Արցախին, իսկ վերջինս այդ մոտեցումը դրականորեն ընկալեց: 

«Արցախը մնացել է երեխայի կարգավիճակում, որովհետև Արցախում որևէ մեկը երբևէ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող են հայտնվել մարդիկ, որոնց համար երախայից ազատվելը կլինի կարևորագույն հարց»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Բայց հանկարծ 2018 թվականին Հայաստանում իշխանության եկան ուժեր, որպեսզի բաց թողնեն երեխային: 2018 թվականից սկսած մենք անդադար հայտարարել ենք, որ Հայաստանում տեղի է ունենում օտարածին ուժերի կողմից կառավարվող  պրոցես, որի հիմնական  թիրախը լինելու է հենց Արցախը»:

Ըստ Արցախի Հանրապետության պատգամավորի՝ սկսած 2008 թվականից «էլեկտրիկ Երևանով», ՊՊԾ գնդի գործողություններով, պլանավորված սցենարով առաջին փուլով թուլացրին Հայաստանը, նաև թուլացրեցին նրա դիրքերը ՀԱՊԿ-ում, փչացրեցին հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ և խախլեցի Երկրապահի դիրքերը:

«Որքան էլ գործող իշխանությունները փորձեն համոզել, որ Հայաստան-Արցախ բանակցությունների արդյունքում կնքվող խաղաղության պայմանագիրը չի առնչվելու Արցախի հետ, այն բացարձակ սուտ է»,-հայտարարեց Հակոբյանը և բացատրեց, որ երկկողմ սահմանների ճանաչումը բերելու է Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն, ինչը Արցախի և Հայաստանի պատմության վերջին էջն է լինելու:

Անդրադառնալով իշխանությունների հայտարարությանը, թե հայաստանը գումար է տալիս Արցախին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց. «Իշխանությունները գումարը տալիս են որպեսզի մեր եղբայրական գերեզմանները կառուցենք, տեղահանված հայրենակիցների համար տներ կառուցենք Արցախում, տալիս են, որպեսզի իրենց ավերածությունների հետևանքները կարողանանք փոքր ինչ շտկել»:

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների հայտարարություններից հստակ երևում է, որ իրենց խաղաղության օրակարգը ձևավորված է Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ:

Պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների պատկերացրած խաղաղության օրակարգը տրամագծորեն տարբերվում է արցախցիների պատկերացրած խաղաղության օրակարգից:

Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ հայ ժողովուդը միասնականությամբ կհաղթի և ոչ մի մանդատ ստացած չի կարող բաժանել Հայաստանի, աշխարհասփյուռ  և Արցախի հայությանը: