Վարչապետի մերձավորները զբաղված են կոռուպցիայով


19:59 , 25 ապրիլ, 2022

Վարչապետի մերձավորները զբաղված են կոռուպցիայով

Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ ծառայողները երդվում են նպաստել կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության ձևավորմանը, հայկական կայքերից մեկը հրապարակել է մի ուսումնասիրություն (տե՛ս այստեղ), որն, ըստ էության, բացահայտում է (հավանաբար՝ ոչ ամբողջ ծավալով) ներկայիս իշխանությունների ամբողջ կեղծավորությունը:

Պարզվում է՝ կոռուպցիայի խարազանման ու ասենք բանանի թանկության դեմ բողոքի շնորհիվ իշխանություն զավթած Փաշինյան Նիկոլի մերձավորները զբաղված են սովորական կոռուպցիայով. Փաշինյանի զոքանչը, աներձագը, նախկին պատգամավոր ընկերն իրենց ընկերությունները չեն հայտարարագրել:
Իսկ ի՞նչ է, հայտարարագրերի կեղծումը կամ ունեցվածքի մասին սխալ տեղեկություն հայտնելը կոռուպցիա չէ՞: Անշուշտ՝ հատկապես հաշվի առնելով ժամանակին ընդդիմադիր Նիկոլի ընկալումները «կոռուպցիա» ասվածի վերաբերյալ, երբ նույնիսկ այս կամ այն պաշտոնյայի՝ սեփական միջոցներով գնված հեծանիվը կարող էր ԱԺ ամբիոնից որակվել որպես ամենակուլ կոռուպցիայի ճչացող դրսևորում՝ արժանի հանրային ու պետական խարազանման:

Հիմա ինչպե՞ս է պետք խարազանել Նիկոլի մերձավորներին, որ Նիկոլը խայտառակ չլինի իր անցյալի ու հասարակության առաջ: Պատասխանատվության ենթարկվելո՞ւ են այդ մարդիկ, թե՞, ինչպես հաճախ է լինում, թեման կջրեն-կանցնեն:

Այստեղ էականը գուցե ոչ այնքան կեղծումների ծավալն է, որքան՝ երևույթն ինքնին: Կոծկումներով զբաղվում են ոչ թե ինչ-որ չինովնիկներ, այլ Նիկոլի հետ ուղղակի անձնական, հարազտական առնչություն ունեցող մարդիկ, ինչը սլաքներն ուղղում է անձամբ Նիկոլի ուղղությամբ՝ զրկելով նրան ասենք նախկինների օրոք թալանի մասին լոլոներ բստրելու բարոյական իրավունքից: Եթե նախկինները թալանել են, ապա ներկաներն անում են դա առանձնակի ստորությամբ՝ իրենք իրենց մատուցելով՝ կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ մարտիկներ:

Ոչինչ, քիչ մնաց…