Հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարուքյան


18:00 , 24 ապրիլ, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Հստակ արձանագրված է, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ թուրքական հասարակության հետ պետք է աշխատել, որովհետեւ Ցեղասպանությունը բազմաթիվ երկրներ են ճանաչել եւ դատապարտել, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի, ինչի համար համար պետք է աշխատանք։

«Մեր հասարակությունները պետք է իրար հետ խոսեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանների հետ։

Ակնկալում ենք, որ Թուրքիան եւս հարաբերությունների կարգավորմանը կգնա առանց նախապայմանների »,- հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ հստակ պաշտոնական փաստաթղթերով հայտարարվել է, թե խոսակցությունը շարունակվում է առանց նախապայմանների և, եթե վերջիններս անկեղծ են, ապա պետք է սահմանները բացվեն, ինչից հետո մեր հասարակությունները կշարունակեն շփվել :

Մարուքյան հրաժարվեց մեկնաբանել տեսանյութը, որտեղ երեւում էր, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ուրուգվայում իր նկատմամբ ակցիա իրականացնող հայերին ցույց տալիս ազգայնամոլներ Գորշ գայլերի նշանը․ «Ես լուսանկարներ չեմ մեկնաբանում, ԱԳՆ հայտարարություններ եմ մեկնաբանում»։