Փետրվարի 24-ից ի վեր ավելի քան հինգ միլիոն մարդ է լքել Ուկրաինայի տարածքը


15:13 , 20 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է․

Ավելի քան հինգ միլիոն մարդ Է Ուկրաինայի տարածքը լքել փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 19-ն ընկած ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) պորտալում հրապարակված տվյալները:

ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի տվյալների համաձայն, գրեթե երկու ամսվա ընթացքում Ուկրաինայից հեռացել Է 5 միլիոն 31 հազար 306 մարդ: 2,8 միլիոնից ավելի փախստականներ ուղեւորվել են Լեհաստան, 757 հազարը՝ Ռումինիա, շուրջ 550 հազարը՝ Ռուսաստան, ավելի քան 471 հազարը՝ Հունգարիա: Եվս գրեթե 427 հազար մարդ մեկնել են Մոլդովա, շուրջ 343 հազարը՝ Սլովակիա, ավելի քան 23 հազարը՝ Բելառուս: Ռուսաստանը ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսել Է փետրվարի 24-ի առավոտյան:

Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: