Այս նկարը տիպիկ բնութագրում է այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի եւ Արցախի շուրջ. Փաշինյանը շատ ուղիղ ասում է`էս քաշի ծանրաձողը ես չեմ կարող բարձրացնել


11:42 , 14 ապրիլ, 2022
Այս նկարը տիպիկ բնութագրում է այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի եւ Արցախի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից համոզում է , որ պետք է իջեցնել արցախյան հարցի շուրջ սահմանված մեր նշաձողը։ Փաշինյանը շատ ուղիղ եւ հստակ ասում է , որ տղերք, էս քաշի ծանրաձողը ես չեմ կարող բարձրացնել։
Ծանրաձողի քաշի մասին սահմանված է իրենց իսկ կառավարության ծրագրում, որտեղ նշվում է , որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ հայտնի սկզբունքների հիման վրա` այն է , տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք։
Փաշինյանը իր հայտարարությամբ դե ֆակտո ասում է , որ իր իսկ կառավարության ծրագրում տեղ գտած կետերը նա ի վիճակի չէ իրականացնել, եւ ծանրամարտի լեզվով ասած` էտ քաշի ծանրաձողը նա գցելու է ոտքին։
Ոտքին է գցելու ոչ միայն նրա համար, որ անձամբ ինքը ծանրամարտով զբաղվել է լավագույնս սիրողական մակարդակով, այլ նաեւ նրա համար, որ իր թիմում նույնիսկ թեթեւ ատլետներ քիչ կան, իսկ պետության համար այս ծանր եւ ճակատագրական պահին ծանրամարտիկներ են պետք, ` այն էլ փորձառու։
Ես չեմ ուզում մտնեմ այն դաշտ թե ամեն ինչ մտածված է արվում, այս իշխանությունները դավաճան են եւ այլն, դրա պատասխանը ավելի հստակ եւ փաստարկված կտրվի ժամանակի ընթացքում, սակայն փաստը այն է , որ ճակատագրական այս շրջափուլում «լեգիտիմ ջահելները» չեն կարողանալու բարձրացնեն աշխարհաքաղաքական տարբեր շահերով համալրված այս ծանրաձողը ։
Փաստ է նաեւ այն, որ իրենք կամովի չեն գնալու, ուստի պետք է ստիպել, ստիպել բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով։
Մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, եւ հասկանալ, որ եթե ծանրաձող բարձրացնողը այն գցի ոտքին, ապա ցավից ոռնալու ենք բոլորս...