ՆԱՏՕ-ն զենք կմատակարարի Ուկրաինային` ռուսական նոր հարձակումը հետ մղելու համար


20:33 , 5 ապրիլ, 2022

Lurer.com-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ուկրաինային ռուսական նոր հարձակումը հետ մղելու հարցում։ Նա հավելել է, որ ուկրաինացի պաշտպաններին կտրամադրվեն զենքեր, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Ստոլտենբերգի ճեպազրույցին։

Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին սպասվում է ռուսական նոր հարձակում Ուկրաինայի արեւելքում եւ հարավում։ Այսպիսով, ռուսական զորքերը կփորձեն գրավել ողջ Դոնբասը և ցամաքային միջանցք ստեղծել դեպի Ղրիմ։

«Սա պատերազմի վճռորոշ փուլ է: Մեր դաշնակիցները վճռական են տրամադրված Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու հարցում, այդ թվում՝ հակատանկային զենքով, հակաօդային պաշտպանության համակարգերով և այլ սարքավորումներով», - հավելել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ուկրաինային տրամադրված սպառազինության համակարգերն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Նա նշել է, որ նոր մատակարարումները կներառեն զենքեր, որոնք հետ կմղեն ռուսական հարձակումը։