Ադրբեջանաբրիտանական քիրվայությունը


16:10 , 31 մարտ, 2022
«Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը [Ադրբեջանին], իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել». գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Այո։
Ավելին՝ Մեծ Բրիտանիան իր ռազմավարական աջակցությունն Ադրբեջանին երբեք չի էլ թաքցրել։ Դեռ 100 տարի առաջ՝ 1918-1919 թթ.-ին, երբ բրիտանական զորքերը մուտք էին գործել Անդրկովկաս, նրանք Արցախի բնակչությունից պահանջում էին ճանաչել պատմության մեջ նոր ի հայտ եկած Ադրբեջան պետության գերիշխանությունը։
1919 թ. հունվարի 15-ին, երբ անգլիացիների աջակցությամբ և երաշխավորությամբ Ադրբեջանի կառավարությունը Զանգեզուրի, Շուշիի, Ջևանշիրի ու Ջեբրայիլի գավառներից ստեղծեց ժամանակավոր գեներալ-նահանգապետություն և նահանգապետ նշանակեց հայատյաց Խոսրով Բեկ-Սուլթանովին, նույն անգլիացիները Արցախի ժողովրդից պահանջում էին ենթարկվել Սուլթանովին։
Ավելին, այդ օրերին Արցախի ազգային խորհրդի նախագահ Արսեն Շահնազարյանի և Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի հետ հանդիպման ժամանակ բրիտանական միսիայի գնդապետ Դ. Շատելվորդն ասել էր. "Ես նախազգուշացնում եմ, որ Ադրբեջանի և նրա գեներալ-նահանգապետի դեմ ցանկացած էքսցես ուղղված է Անգլիայի դեմ։ Մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք ստիպել ձեզ ենթարկվել"...
Ոչինչ չի փոխվել։ Անգամ մենք, որ դեռ սպասում ենք արևմտյան հովերով մեր լեռներն անցնելիք "անգլիական նավերին"...