Նիկոլի սրտի Սահմանադրական դատարանն «իրականություն» է


18:25 , 28 մարտ, 2022

168.am-ը գրում է.

Նիկոլը նիկոլ չէր լինի, եթե երկրում մի գործող առողջ ինստիտուտ թողած լիներ։

Երկրում առողջ, գործող ցանկացած ինստիտուտ օրվա իշխանությունների համար  մահացու վտանգ է։ Ինստիտուտներ վերացնելու գործընթացը սկսեց Սահմանադրական դատարանից, շարունակվեց դատախազություն,  բանակ,  զանգվածային լրատվության միջոցներ, տեղական ինքնակառավարման մարմիններով, և վերջինը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն էր։

Ասածիս վառ ապացույցը, թերևս, Սահմանադրական դատարանի (ՍԴ) 2021 թվականի ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ հաղորդումն է, որի ընդհանուր հետևություններում ՍԴ-ն 2021 թվականը նշանավորել է սահմանադրական արդարադատության իրականացման չափանիշների և սահմանների վերաբերյալ ՍԴ-ի կողմից արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումների զարգացմամբ (երևի ի նկատի են ունեցել նաև այն դիրքորոշումները, որոնք հիմք տվեցին առողջապահության նախարարին հայտարարելու, որ քաղաքացու փոխարեն՝ կարող է թեստի համար վճարել բարեկամը, հարևանը)։ Պետք է արձանագրել, որ հիրավի մեծ ձեռքբերում է։

Բացի դա, ըստ ՍԴ-ի, նախորդ՝ 2020 թվականի համեմատ, 2021 թվականին փոփոխվել են ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների ակտիվության ցուցանիշները (երևի հիշել էին ԽՄԿԿ համագումարի ելույթները)։

ՍԴ-ի ընդհանուր հետևություններին ծանոթանալուց հետո յուրաքանչյուր հպարտ քաղաքացու մոտ, կարծում ենք, առաջանալու է անխոնջ ցանկություն գնալ Հանրապետության հրապարակ, բարձրանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ ու ծնկաչոք շնորհակալություն հայտնել ՍԴ-ն նախկիններից ազատագրելու, ճգնաժամը հաղթահարելու, Արման Դիլանյանին ՍԴ նախագահ նշանակելու, նրան այժմ՝ որպես վերահսկող, իսկ հետագայում՝ փոխարինող Վահե Գրիգորյանին կարգելու, ՍԴ-ն ժողովրդավարության մշակ, գիտակ, ազնվագույն նոր դատավորներով համալրելու համար, որոնց աշխատանքի արդյունքներով հաղթահարվում են մեր պետության և ժողովրդի բազում-բազմաթիվ խնդիրները։

Որպեսզի այս ցնծությունը փաթեթավորեինք կոնկրետ օրինակներով, փորձեցինք ուսումնասիրել ՍԴ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված՝ 2020 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո կազմավորված ՍԴ-ի կայացրած որոշումները։ Իսկապես բացահայտեցինք աննախադեպ ցուցանիշներ։

2020 թվականի հունիսի 26-ի սահմանադրական փոփոխություններից հետո երկար ժամանակ իրական ճգնաժամում հայտնված ՍԴ-ն միայն 2020 թվականի հոկտեմբերից է սկսել որոշումներ ընդունել։ Ընդունվել են  98 ըստ էության որոշումներ, որոնցից՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կայացրել է ընդամենը 17 որոշում։

Աննախադեպ ցուցանիշ է, որ ոչ քիչ թվով որոշումներ, նաև 2021 թվականին, ընդունվել են ՍԴ-ի մասին օրենքի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես, գործերով որոշումները կայացվել են օրենքով սահմանված առավելագույն ժամկետների ավարտից հետո։

ՍԴ-ի 26-ամյա պատմության մեջ գրանցվել է աննախադեպ մեկ այլ ցուցանիշ․ ՍԴ-ի նոր կազմի կայացրած 98 ըստ էության որոշումների վերաբերյալ ՍԴ-ի դատավորները ներկայացրել են 68 հատուկ կարծիքներ։ Կարո՞ղ է դա ներկայացվել՝ որպես ժողովրդավարության արդյունք։ Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե, իհարկե, ծանոթ չլինենք այդ հատուկ կարծիքների բովանդակությանը, որոնցով դատավորները նշել են, որ կոնկրետ որոշումները կայացվել են սահմանված կարգով չներկայացված դիմումների հիման վրա (կառավարության կողմից), գործերը քննվել են ոչ ամբողջ ծավալով, խնդիր չեն լուծում, որոշումներն ունեն ներքին հակասություններ, սխալներ, կամ խորհրդակցական սենյակից հեռանալուց հետո որոշման ամենաէական հատվածները փոխվել են, և այլն։

ՍԴ-ի նոր կազմն ընդունել է 439 աշխատակարգային որոշումներ։ Թվում է՝ մեծ ցուցանիշ է, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց մեծ մասով առանց պատճառաբանությունների կամ առանց բավարար հիմնավորումների՝ գործերի քննությունն կամ հետաձգվել, կամ երկարաձգվել, կամ կասեցվել, կամ մերժվել, կամ կարճվել են։ ՍԴ-ի նախորդ տարիների փորձի համեմատ՝ իսկապես աննախադեպ է գործը քննության ընդունելը մերժելու և գործի վարույթները կարճելու որոշումների թե′ քանակը, և թե′ դրանց բովանդակությունը։

ՍԴ-ի նոր կազմն ընդունել է 58 գործը քննության ընդունելը մերժելու մասին աշխատակարգային որոշումներ։ Այդ թվում՝ մերժվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա՝ 33, դատարանների դիմումների հիման վրա՝ 20, ԱԺ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի դիմումների հիման վրա՝ 2 գործերի քննության ընդունումը։

ՍԴ-ի նոր կազմն ընդունել է 45 գործի վարույթ կարճելու մասին աշխատակարգային որոշումներ։ Աննախադեպ է, որ այդ որոշումների մեծ մասը կայացվել  են այդ գործերով որոշում կայացնելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետներից հետո, կամ այդ ժամկետից մեկ կամ երկու օր առաջ։  Այդ թվում՝ կարճվել են՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա՝ 28, դատարանների դիմումների հիման վրա՝ 12, ԱԺ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի դիմումների հիման վրա՝ 2 գործերի վարույթներ։ Ի՞նչ է ստացվում՝ ՍԴ դիմումը վարույթ ընդունելու փուլում գործերի մոտ 40 տոկոսով չի հասկացել, որ  դիմումը ենթակա չէ ընդունման և միայն ամիսներ անց՝ վատնելով թե մարդկային, թե նյութական ռեսուրսներ՝ գլխի է ընկել։ Եթե մի շարքային չինովնիկ մի 50 հազար դրամի վնաս հասցնի պետությանը, տարիներով քննիչների ու դատարանների դուռը կընկնի, մեկը հաշվել է, թե միլիոն և ավելի դրամ աշխատավարձ ու պարգևատրում ստացող դատավորները  որքան գումար են ծախսել մեր հարկատուների հաշվին,  հասկանալու համար, որ դիմումը ենթակա չէ քննության ՍԴ-ում։ Սա կարող է երկու բանի մասին խոսել՝ կամ ՍԴ դատավորները կոմպետենտ չեն, կամ դիմումը վարույթ ընդունելուց հետո կողմնակի ոչ իրավաչափ ազդեցությունների արդյունքում որոշվել է գործը կարճել, շառից-փորձանքից հեռու մնալ։

Աննախադեպ մեկ հանգամանք ևս։ Ակտիվ շրջանառվում են լուրեր (հավաստիությունը ստուգման ենթակա է), որ ՍԴ-ում շատ են ազդեցությունների տակ գտնվող դատավորները,   և դրանով է նաև պայմանավորված օրենքով սահմանված առավելագույն ժամկետից մեկ կամ երկու օր առաջ կամ գործը կարճելը, կամ «շահագրգիռի օգտին» որոշում կայացնելը։

Ասում են նաև (հավաստիությունը ստուգման ենթակա է)՝ ՍԴ-ի նշանակված նախագահ Արման Դիլանյանը խիստ զգուշավոր, իշխանության աչքից հեռու, ակտիվ շփումների մեջ է տարբեր անձանց, այդ թվում՝ նախկին խորհրդարանական «ազդեցիկ» ընդդիմության ղեկավարներից մեկի հետ, որը ժամանակին լավություն է արել Դիլանյանին՝ ողջ խմբակցությամբ կողմ քվեարկելով։

ՍԴ-ի 2021 թվականի ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ հաղորդման ընդհանուր հետևություններում նշվել է նաև, որ ելնելով մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքներից՝ ՍԴ-ն իր մի շարք որոշումներով հստակեցրել է ՍԴ դիմումներ ներկայացնելու պահանջները։ Այո, նման պահանջներ սահմանվել են։ Սակայն, ենթադրում ենք, որ ՍԴ-ի նոր կազմն իր որոշումները գրում է ժողովրդական լեզվով՝ բոլորին հասկանալի լինելու համար, ասենք՝ որպես մերժման կամ կարճման հիմք է դիտարկել ՍԴ դիմող սուբյեկտի, որպես համապատասխան ձեռնհասություն ունեցող սուբյեկտի (այս մեկը հաստատ ժողովրդական չէ, երևի ինտելիգենտ երևալու համար են գրել) կողմից առավել բարձր մակարդակի փութաջանություն չցուցաբերելը։ Եվ այդ հիմքով մերժվել, կարճվել են խորհրդարանական ընդդիմության, Մարդու իրավունքների պաշտպանի դիմումներով գործերը։ Անժխտելի է՝ դիմումներին ներկայացվող խիստ հստակ պահանջ է, բայց ոչ իրավական։

Առանձնապես հուզիչ էր ՍԴ-ի 2021 թվականի ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ հաղորդման այն ամփոփիչ միտքը, որ ՍԴ-ի կողմից մատնանշված հիմնախնդիրներն անհրաժեշտ իրավական լուծումներ ստանալու փոխարեն՝ կասկածի տակ են դրվում ՍԴ-ի որոշումները կամ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչը կարող է էականորեն վնասել ՀՀ իրավական անվտանգությանը և չի բխում հանրային իշխանության մարմինների միջև փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքի էությունից, որպիսի պայմաններում արհեստականորեն խաթարվում է դատական իշխանության հանրային վստահությունը: Այո, հուզիչ հետևություն է, սակայն ոչ օբյեկտիվ: Քանզի ոչ մի օրինակ չեն բերել, քանզի այդպիսիք չկան էլ։

Փոխարենը՝  գրանցվել է ՍԴ-ի 26-ամյա պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ․ միայն 2021 թվականին է, որ 3 գործերով ձայների հավասարության հետևանքով ՍԴ-ի որոշումներ չեն ընդունվել և այդ հիմքով դիմումները համարվել են մերժված։  Ի դեպ, այդ դիմումներից մեկը վերաբերել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման հետ կապված հարցին։ Ինն ամիս գործի քննությունը հետաձգելով, հետո որոշում չկայացնելով՝ նաև փաստացի հնարավորություն է տրվել սահմանադրականության խնդրի պայմաններում անխոչընդոտ անցկացնելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի խայտառակ պատկերին այսօր ականատես ենք։ 

Մի փաստ ևս։ 2021 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՍԴ, ողջագուրվել ՍԴ-ի նոր կազմի հետ։ Ի՞նչ է, ՍԴ-ի նոր կազմն այս հանդիպումը գնահատում է՝ որպես փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքի էությունից չբխո՞ղ։ Կարծում ենք՝ առնվազն ազնիվ չէ։