Արման Գևորգյանը զոհվեց հրադադարից ժամեր անց, ավիահարվածից. երեկ Նոր-Արեշ 25 փողոցում բացվեց նրան նվիրված հուշաքարը (Photo)


09:22 , 6 մարտ, 2022

Արման Արթուրի Գևորգյան ծնվել էր 2002թ-ի մարտի 5-ին Երևանում։ Սովորել էր թիվ 45 հիմնական դպրոցում, այնուհետև թիվ 8 արհեստագործական ուսումնարանում։ Ժամանակի ընթացքում հոր արհեստն էր յուրացրել և աշխատել։

Չնայած առողջական խնդիրներին, հուլիսի 8-ին զորակոչվում է բանակ։ Ծառայում էր Ստեփանակերտի «Ցոր» զորամասում։ Ականանետի հաշվարկի հրամանատար և նշանառու էր։

Երբ սկսվեց պատերազմը նա 2 ամսվա զինծառայող էր։ Սկզբում մարտնչեց Հաթերքում, ապա վիրավորվեց, հոկտեմբերի 24-ին տեղափոխվեց հոսպիտալ, իսկ նոյեմբերի 1-ին տեղափոխվում է Կարմիր շուկայի դիրքեր` զինակից ընկերների մոտ...

Արմանը զոհվեց նոյեմբերի 10-ին` հրադադարից ժամեր հետո, հրամանատարի և 2 զինակից ընկերների հետ միասին, ավիահարվածից։ Բնավորությամբ ընկերասեր էր, բարի։ Սիրում էր իր աշխատանքը, նվիրված էր ընտանիքին ընկերներին և իր աշխատանքին։

Արցախի հանրապետության կողմից հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալին։