Ով է լինելու հաջորդ նախագահը. ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել Արայիկ Հարությունյանի վրա. 168.am


17:18 , 26 հունվար, 2022

168.am-ը գրում է.

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է, թե ում է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնում:

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն ակտիվ փնտրտուք են կազմակերպել և նախ դիմել են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, ումից կտրուկ մերժում են ստացել:

168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Հիշեցնենք նաև, որ նախագահի հրաժարականից հետո, մինչ շատերը սոցիալական ցանցերում փորձում էին գլխի ընկնել, թե ի՞նչն է մինչև վերջերս էլ գլոբալ ինչ-որ նախագծերի մասին ելույթներ ունեցող նախագահի հրաժարականի բուն պատճառը, Ֆեյսբուքում որոշ շրջանակներ, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ակտիվորեն շրջանառում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը: Վերջինս կարծես դեմ չէ, ավելին՝ չի թաքցնում իր ցանկությունը:

168.am-ը Էդմոն Մարուքյանին խնդրել էր մեկնաբանել հետևյալ հարցը՝ արդյոք նախագահ դառնալու առաջարկ ստացե՞լ է, հատկապես իր թիմակիցներն ինչո՞ւ են ակտիվ շրջանառում իր լուսանկարը:

Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը նախ ֆեյսբուքյան հաղորդագրությամբ մեր ուղղած հարցին ի պատասխան ասաց, որ ժամանակը գա` կխոսի, այնուհետև գրեց, որ այս ամենին այժմ չի կարող արձագանքել:

Նշենք նաև, որ ԼՀԿ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքում կիսվել էր Էդմոն Մարուքյանի լուսանկարով և կից գրել, որ երկրում ստեղծված այս իրավիճակում միայն Էդմոն Մարուքյանը կարող է ստանձնել նախագահի պաշտոնը:

Հետաքրքիրն այն է, որ այս պաշտոնի նկատմամբ, տևական ժամանակ է՝ լուրջ հետաքրքրություն ունի այս պահին ՀՀ արտգործնախարարի աթոռը զբաղեցնող Արարատ Միրզոյանը: