Կայացավ «ԿոնտրԱկտ» ներկայացման պրեմիերան. ինչի՞ է հանգեցնում կարիերիզմը և ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում


01:47 , 12 դեկտեմբեր, 2021

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն կայացավ «ԿոնտրԱկտ» ներկայացման պրեմիերան: 
Հյուրերն այս անգամ ոչ թե դահլիճից, այլ հենց բեմից էին հետևում Ելենա Վարդանյանի և Լիլիա Մուկուչյանի բուռն ու էմոցիոնալ խաղին:
Ներկայացումն այն մասին է, թե ինչի՞ է հանգեցնում կարիերիզմը, ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում:

BlogNews.am կայքի հետ զրույցում ներկայացման գլխավոր դերակատարներից Լիլյա Մուկուչյանը պատմել է ներկայացման գաղափարի մասին: 

«Պիեսն ինձ Նորա Գրիգորյանն ուղարկել էր դեռ մայիսին: Միանգամից պարզ էր որ գաղափարական ուղղվածությունը պիեսի արդիական է, որովհետև այն բարձրացնում է մարդու իրավունքի, ընտրության հարցերն ու բոլոր այն խնդիրները, որոնց հետ բախվում է գրեթե յուրաքանչյուր մարդ»,-ասում է նա: 

Լիլյան նշեց, որ իրենք չեն հեռվացել հեղինակային մտահղացումից ու չեն ցանկացել հեծանից հորինել: Ինքը՝ պիեսի հեղինակ Մարկ Բատլերը, իր աշխատանքի մեջ բարձրացնում է այն գաղափարը, որ կյանքում կատարած յուրաքանչյուր ընտրություն մերն է ու անհաջողության դեպքում չի կարելի մեղադրել ուրիշին:
Բատլերը նաև խոսել է իր պիեսում այն կանանց մասին, ովքեր լինելով շատ զբաղված օֆիսային աշխատանքով՝ դուրս են մնացել իրական կյանքից:

Ներկաներին լսելի և տեսանելի էր դերասանուհիների անգամ ամենաաննշան շշուկն ու շարժումը: Ազդեցիկության համար նաեւ բարձրախոսներ էին կիրառվել: Երկար սեղանի երկու կողմերում նստած կանանց առաջին հայացքից սովորական եւ մտերմիկ զրույցը աստիճանաբար վերածվեց մեծ կոնֆլիկտի:

Այն հարցին, թե Հայաստանի համար այս դժվար ժամանակահատվածում ինչ է հարկավոր մեր հայ հանդիսատեսին, դերասանուհի Լիլյա Մուկուչյանն ասում է. «Ես չէի ցանկանա տարբերություն դնել հայ և այլազգի հանդիսատեսի միջև: Ինձ թվում է, որ առհասարակ թատրոնը պետք է պիեսներ բեմադրի հենց մարդկանց մասին, անպայման պետք է բարձրացնի հարցեր, որոնք մտահոգում են մերօրյա մարդուն ու պարտադիր պետք է բեմադրել ներկայացումներ կենդանի շփման մասին, որովհետև տեխնիկան ու ինտերնետն ամբողջովին հեռվացրել են մեզ միմյանցից:
Այս մասին պետք է խոոսել հիմա, որպեսզի հետո ուշ չլինի»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան