«Փաստ»․ Տավուշում ի՞նչ նոր այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին է քննարկվում


10:34 , 11 դեկտեմբեր, 2021

«Նախօրեին սոցցանցերում տարածվեց տեղեկություն, որ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային` սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ըստ տեղեկությունների, Ոսկեպարում ճանապարհաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են փնտրել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյանի տարածաշրջանում բավականին ակտիվորեն քննարկում են այս տեղեկությունը: Մենք դիմեցինք Տավուշի մարզպետարան, որտեղից մեզ հայտնեցին, որ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, իրենք էլ այդ մասին տեղեկացել են սոցցանցային գրառումից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ուղղորդեցին դեպի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ:

Այստեղ, սակայն, հայտարարեցին, որ կպատասխանեն բացառապես գրավոր հարցման: Նույնիսկ զգուշացումը, որ նյութը նախատեսվում է հրապարակել շաբաթ օրը, և ցանկալի կլիներ ունենալ իրենց պատասխանը, ոչինչ չփոխեց: Ինչևէ, մենք գրավոր հարցում ենք ուղարկել նշյալ հիմնադրամ և պատասխան ստանալուն պես այն ևս կներկայացնենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։