Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն. Արցախի ՄԻՊ


18:17 , 8 դեկտեմբեր, 2021

2021 թ․ նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանը նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին։
Նախնական բժշկական զննության արդյունքում պարզվել էր, որ Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որն այսօր ներկայացվել է նաև ԱՀ դատախազության կողմից, հաստատել է այդ հանգամանքը։ Ադրբեջանցիների կողմից բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետևանքով քաղաքացին ստացել է մի շարք վնասվածքներ մասնավորապես՝ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել, հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է։