Ադրբեջանը, Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելով, մեծ հաշվով մտավ մեր տրամաբանության մեջ․Ռուբինյան


16:41 , 8 դեկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու փաստին՝ նշելով, որ դրանով Ադրբեջանը մտել է հայկական կողմի տրամաբանության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանը թեմային անդրադարձել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Այն փաստը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ տեղ-տեղ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածով ՀՀ քաղաքացիներն անարգել երթևեկում էին, Ադրբեջանը փորձում էր ներկայացնել որպես իր կողմից Հայաստանին ճանապարհի տրամադրում: Սա էր Ադրբեջանի ընկալումը՝ կոմունիկացիայի բացում միջանցքային տրամաբանությամբ։ Իմ գնահատմամբ՝ երբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից ֆիքսվեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ոչ միջանցքային տրամաբանությամբ, իրենք այնտեղ մաքսակետ տեղադրեցին, մեծ հաշվով, մտնելով մեր տրամաբանության մեջ, որովհետև մենք ասում ենք՝ եթե տարածաշրջանային կոմունիկացիաները և ճանապարհները պետք է բացվեն, ապա Հայաստանի տարածքով անցնող ցանկացած շարժ պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո եղած ճանապարհով, Հայաստանի մաքսակետերով և բոլոր ընթացակարգերով»,- ընդգծեց Ռուբինյանը։