Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չունենք։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` կորոնավիրուսի թվերը շարունակում են նվազել։ Օրական ցուցանիշները բավականին գոհացուցիչ են։
«Մենք այս պահին հետ ենք պրոֆիլավորում մեր հիվանդանոցներն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, որպեսզի հիվանդանոցներն անցնեն իրենց ընթացիկ սպասարկման ոլորտներին»,–ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ իրենք շատ մեծ ջանքեր են գործադրել` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական, որպեսզի մոբիլիզացնեն այդքան մեծ թվով մահճակալներ կորոնավիրուսով հիվանդների բուժօգնության համար։