Բայդենը գնահատել է կորոնովիրուսի նոր շտամով պայմանավորված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը


00:51 , 30 նոյեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարծում, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի տարածման դեմ պայքարի համար այս պահին պահանջվում է հավելյալ միջոցների կիրառում, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ են ընդունել համապատասխան որոշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ես կցանկանայի կրկնել բժիշկ Ֆաուչիի (խմբ.- գլխավոր վարակաբան) խոսքերն այն մասին, որ պատվաստումը երաշխավորում է առնվազն որոշակի պաշտպանություն կորոնավիրուսի նոր շտամից: Ավելին՝ խթանիչ պատվաստումը նշանակալի ուժեղացնում է պաշտպանությունը: Մենք առայժմ չենք կարծում, որ կարիքը կա հավելյալ միջոցների»,-ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան որոշում:

Աշխարհի տարբեր երկրներ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ներթափանցումը կանխելու համար: Ինչպես շատ պետություններ, Հայաստանը ևս աֆրիկյան մի շարք երկրներից մուտքի հետ կապված սահմանափակումներ է մտցնում։ Տարածվածության տեսանկյունից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օմիկրոնը համարում է բարձր ռիսկային: