Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց


00:36 , 30 նոյեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց։ «Փաստինֆո»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ֊ն՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

ԲԴԽ անդամ Չիչոյանը դեմ էր քվեարկել կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Մակյանն ու Մխիթարյանը հատուկ կարծիք են ունեցել։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթը հարուցել է՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։